Արսեն Ջուլֆալակյան. Ստամբուլում անհնար է չհուզվել

Արսեն Ջուլֆալակյան. Ստամբուլում անհնար է չհուզվել

PanARMENIAN.Net - «Աշխարհի առաջնությունը շատ դժվար էր, լարվածությունը մեծ էր: Առաջնությունը վարկանիշային էր, շատ ըմբիշներ ջանում էին ուղեգրեր նվաճել, այլ ոչ թե մեդալներ, քանի որ առանց ուղեգրերի մինչև 2012թ. ապրիլը բոլորն անորոշ վիճակում են լինելու: Իսկ հոգեբանորեն մարզիկի համար շատ բարդ է, երբ նա Օլիմպիադայի մեկնարկից 3 ամիս առաջ չգիտի, թե արդյոք կկարողանա մասնակցել ամենակարևոր սպորտային մրցումներին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը Ստամբուլում աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ և լոնդոնյան Օլիմպիադայի ուղեգիր է նվաճել:

Ըմբիշի խոսքով, հայ մարզիկների խնդիրը բարդացնում էր նաև այն, որ առաջնությունն ընթանում էր Թուրքիայում, թեև իրենց բոլորին էլ լավ էին վերաբերվում. «Այնուամենայնիվ, Ստամբուլում անհնար է չհուզվել, քանի որ մեդալ նվաճելու ցանկությունն էլ մեծ էր: Այդ ամենը մեզ լրացուցիչ լարվածություն էր հաղորդել»:

Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներից միակն էր, որին հաջողվեց մեդալ նվաճել Ստամբուլում: Սակայն, նրա խոսքով, բոլոր մարզիկներն էլ լավ էին պատրաստվել, սակայն նախորդ առաջնությունների համեմատ այնքան էլ լավ ելույթներ չունեցան: «Հուսով եմ, որ հաջորդ վարկանիշային առաջնություններում կկարողանանք շտկել սխալները, և մեզ կհաջողվի Լոնդոնի Օլիմպիական խաղերին մեկնել ամբողջական կազմով»,- ասել է ըմբիշը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---