Սերգեյ Մինասյան. Մամեդյարովի հայտարարությունները «ուշացած քայլեր են» բանակցային գործընթացում

Սերգեյ Մինասյան. Մամեդյարովի հայտարարությունները «ուշացած քայլեր են» բանակցային գործընթացում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, թե բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ ձախողվեցին այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվեց նորացված Մադրիդյան սկզբունքներից, կարող է գնահատվել որպես «երեկ չէ առաջի օրվա» քայլ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Դա արդեն այնպիսի վաղուցվա պատմություն է, որից հետո բազմաթիվ փոփոխություններ ու իրադարձություններ են կատարվել»,-ասել է նա՝ հավելելով, որ նույն հաջողությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող էր հիշել 90-ականների իր մյուս առաջարկները, կամ Քի Վեսթը, գտնում է հայ փորձագետը:

Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանի նման հայտարարությունները հիմնավորված չեն, քանի որ վերջին առաջարկները, որ արվել են Կազանում, ձախողվել են հենց ադրբեջանական կողմի պատճառով:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ժամանակ նշել է, որ «հայկական կողմը հրաժարվել է նորացված Մադրիդյան սկզբունքներից և այդպիսով սպառնալիքի տակ է դրել խաղաղ բանակցությունների գործընթացը»,-հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
---