Երևանում դատավորները ԵՄ փորձագետների հետ համատեղ քննարկել են մրցակցության ոլորտին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Երևանում կայացած սեմինար-քննարկման ընթացքում Հայաստանի ՀՀ Վարչական և ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանների դատավորները հնարավորություն ունեցան ԵՄ փորձագետների հետ համատեղ քննարկելու մրցակցության ոլորտին առնչվող հարցեր: ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոն Կ. Շթոքմանը և տիկին Յ.Սովիենեն կոնկրետ իրական օրինակներով անդրադարձան Եվրոպական դատարանների կողմից կայացված մի քանի վճիռների՝ չհիմնավորված գների և հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Մասնավորապես ներկայացվեց «Գիշատիչ գնային քաղաքականություն» անվանումը ստացած գործով 2 դատավճիռ, որոնք վերաբերում են բարձր արագության ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկային:

Բացի այդ, ներկայացվեց նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտված հակամրցակցային համաձայնության մի գործ, որն վերաբերում էր ձվի շուկային: Ներկայացված գործերից մեկն էլ վերաբերում էր ազոտական պարարտանյութերի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքներին:

Կարևորելով դատական համակարգի աշխատանքը, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր խոսքում նշեց, որ իրավախախտումների համար տուգանված տնտեսվարողները հիմնականում Հանձնաժողովի որոշումները վիճարկում են դատական կարգով; Այդ իսկ պատճառով էական է, որպեսզի դատավորները առավելագույնս տեղեկացված լինեն մրցակցության ոլորտի վերաբերյալ, քանի որ դրանով տնտեսվարողները կլինեն լավագույնս պաշտպանված, իսկ Հանձնաժողովն առավել հետևողական կլինի իր կողմից կայացվող որոշումների իրավաչափության հարցում: Ա. Շաբոյանը նշեց նաև, որ փորձը ցույց է տալիս, որ նման ֆորմատով կազմակերպվող սեմինարները բավականին արդյունավետ են և ծառայում են իրենց նպատակին, հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---