Բրիտանական խորհուրդը հակված է «Հայֆեստ» բերել նորարարական ներկայացումներ

Բրիտանական խորհուրդը հակված է «Հայֆեստ» բերել նորարարական ներկայացումներ

PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը նախընտրում է Հայաստան բերել նորարարական ներկայացումներ, այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի արվեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը:

«Հայֆեստ2011» փառատոնի շրջանակներում գրասենյակը ներկայացնելու է Բիլլի Քաուիի «Tango de Soledad» պարային բեմադրությունը և Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի և Քլայդ) մուլտիմեդիա բեմադրությունը: « «Tango de Soledad» ներկայացումը մասնակցել է բազմաթիվ փառատոների և ներկայացվել է աշխարհի շատ երկրներում, այդ թվում և Նյու Յորքում», ասաց Նեշը: Ներկայացումները մասնակցել են Էդինբուրգի փառատոնին և Հայաստան են հրավիրվել փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի կողմից:

«Tango de Soledad» պարային բեմադրությունը եռաչափ պատկերների շարքի շնորհիվ հնարավորություն է ընձեռում դերասանի պրոյեկտված կերպարները էկրանից տեղափոխել հանդիսատեսի տարածք` այսպիսով հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով զգալ իրեն դերասանի հետ միևնույն հարթությունում: «Արտառոց, լիրիկական, պատկերավոր, գրավիչ... Բիլլի Քաուիի ռոմանտիկ ֆանտազիաները խոր տպավորություն են թողնում ինձ վրա», նշել է հանրահայտ բալետմայստեր Միխաիլ Բարիշնիկովը:

Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի և Քլայդ) մուլտիմեդիա բեմադրությունը պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրեական կյանքով և սիրո մեծ պատմությամբ հանրահայտ դարձած Բոնի Փարքերի և Քլայդ Բարոուի կյանքի մասին: Սիրո և մահվան սահմանները ջնջած այս պատմությունը հարուստ է սյուժետային գծերով և ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններով և հնարքներով:

«Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---