Հայաստանը նախապատրաստվում է Վենետիկում կայանալիք հայկական մեծ ցուցահանդեսին

Հայաստանը նախապատրաստվում է Վենետիկում կայանալիք հայկական մեծ ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-4-ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Վենետիկում` դեկտեմբերին քաղաքի երեք կենտրոնական թանգարաններում Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո Հայ գրատպության 500 ամյակին նվիրված «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» խորագիրը կրող կայանալիք ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Այցելության առաջին օրը դեսպան Կարապետյանը հանդիպեց Վենետիկի քաղաքապետ Ջիորջիո Օրսոնիի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեց դեկտեմբերին կայանալիք ցուցահանդեսի կազմակերպումը, որը երկուստեք գնահատվեց որպես մշակութային կապերի խթանմանն ուղղված օրինակելի ձեռնարկ: Զրուցակիցները ընդգծեցին հայ-վենետիկյան պատմական առնչությունների բացառիկ բնույթը և այդ երբեմնի հզոր կապերի վերականգնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեց Երևանի և Վենետիկի միջև համագործակցության հնարավորությունը:

Դեսպան Կարապետյանը և քաղաքապետ Օրսոնին պայմանավորվածություն ձեռք բերեցին ցուցահանդեսի բացմանը զուգահեռ Վենետիկի կենտրոնական Սան Մարկո տաճարում կազմակերպել հայ հոգևոր երաժշտության համերգ:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 4-ին դեսպան Կարապետյանը ելույթ ունեցավ Հայաստանի և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» խորագիրը կրող աշխատանքային համաժողովի բացմանը, որը կազմակերպել էին ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամը, Իտալիայի Վենետո մարզն ու Վենետիկի առևտրի պալատը:

Ռուբեն Կարապետյանը հայկական և իտալական զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին կոչ արեց ակտիվացնել գործունեությունը երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ և գոհունակությամբ նշեց վերջին տարիներին Հայաստան այցելող իտալացի զբոսաշրջիկների թվի կտրուկ ավելացման փաստը:

ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց նաև զբոսաշրջության ոլորտում Հայաստան-Վենետո համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տեղեկություններ հաղորդեց դեկտեմբերին Վենետիկում Հայ գրատպության 500 ամյակին նվիրված «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» կայանալիք ցուցահանդեսի վերաբերյալ, որն ազդարարելու է հոբելյանական տարվա մեկնարկը:

Նույն օրը դեսպանը հանդիպումներ ունեցավ Վենետիկի քաղաքային և Վենետոյի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեց Սուրբ Ղազար կղզի, ուր Մխիթարյան միաբանության աբբահոր Հայր Եղիա Քիլաղբյանի հետ քննարկեց դեսպանության և Միաբանության համագործակցության, ինչպես նաև դեկտեմբերին կայանալիք համահայկական կարևորություն ունեցող ցուցահանդեսին Միաբանության մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---