10 հոկտեմբերի 2011 - 13:00 AMT
«ԱրմԹեք կոնգրես 2011». Հայաստանում կա տարեկան առնվազն 1000 ՏՏ ոլորտի մասնագետի պահանջարկ

Այսօր մեկնարկեց «ԱրմԹեք կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը։ Այն կրում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը։Համաժողովը մեկնարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքով։ Վարչապետն իր խոսքում պատմեց 2011-ին Հայաստանի ՏՏ ոլորտում իրականացված նախագծերի ու հաջողությունների և ոլորտում գալիք նորամուծությոնների մասին։

«2011-ի նոյեմբերին Երևանի պետական համալսարանի տարածքում կբացվի հայ-հնդկական ուսումնական կենտրոն, որը ստեղծվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և հնդկաստանի ՏՏ ընկերության համագործակցությունների շնորհիվ։ Կենտրոնը կծառայի որպես գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հատուկ միջավայր՝ խթանելով բնապահպանության, օդերևութաբանության ոլորտների հաջողությունները»,-ասաց Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը նաև նշեց, որ հանրահայտ D-Link ընկերությունը Գյումրիում բացելու է իր համաշխարհային կենտրոններից մեկը՝ 60 աշխատատեղով։ Նա նաև ավելացրեց, որ ՁԻՀ-ը շահել է ԱՊՀ երկրների համար ֆիննական կառավարության և Nokia ընկերության հայտարարած մրցույթը, որի արդյունքում Հայաստանում իրականացնում է «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա» (mLabECA) ծրագիրը:

«Լաբորատորիան դառնալու է ողջ աշխարհի համար 5-րդ մոբայլ լուծումների լաբորատորիան։ mLabECA-ի նպատակն է ծառայել որպես կենտրոնական օղակ տարածաշրջանում մոբայլ բովանդակության և ծրագրերի բնագավառում գործող նորարարական ընկերությունների մրցունակության բարձրացման համար»,-նշեց վարչապետը։ Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանում տարեկան կա առնվազն 1000 ՏՏ ոլորտի մասնագետի պահանջարկ։

«ԱրմԹեք կոնգրես 2011» համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը։

Համաժողովին հանդես կգան ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՊՀ մի շարք երկրներից խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսին են HP-ն, INTE-ը, D-Link-ը և այլն։

Այսօր և վաղը «ԱրմԹեք կոնգրես 2011»-ի շրջանակներում Արմենիա Մարիոթ հյուրանոցում շնորհանդեսներով ելույթ կունենան ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն, «Մենթորր գրաֆիկս» ընկերության արտադրական գծով գլխավոր տնօրեն Ռիչ Բեքերը և մի շարք այլ ընկերությունների տնօրեններ և ՏՏ ոլոտի մասնագետներ։ Նրանք կխոսեն Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների, նոր լուծումների, էլեկտրոնային հասարակություն հիմնելու, ՏՏ ոլորտում կրթության դերի և ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաների մաիսն։