Նախագահը կարևոր է համարում համահայկական տնտեսական համաժողովի ստեղծումը

Նախագահը կարևոր է համարում համահայկական տնտեսական համաժողովի ստեղծումը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված ստեղծագործական և գիտական աշխատանքների մրցանակաբաշխության հաղթողներին և համապատասխան գիտական ու ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին և գնահատելի համարել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից իրականացվող աշխատանքը: Հանրապետության ղեկավարը կարևորել է, որ անցկացվող մրցանակաբաշխությունը շարունակական է և միտում ունի ընդլայնվելու, քանի որ, ըստ նախագահի, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ դեռևս դրա անհրաժեշտությունը կա: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես հայագիտության բնագավառը, նաև՝ լավագույն սպա, լավագույն զինվոր մրցանակի սահմանմամբ բանակում անցկացվող մրցանակաբաշխությունը: «Վստահ եմ, որ լավագույններից մեկը կստանա այդ պարգևը, եթե կուզեք` այդ կոչումը, և դա չափազանց կարևոր է: Կարևոր եմ համարում նաև Համահայկական համաժողովի ժամանակ պարոն Արա Աբրահամյանի առաջարկը՝ ստեղծել համահայկական տնտեսական համաժողով: Եթե մեզ հաջողվի, իրոք, կայացնել այդ համաժողովը, ապա վստահ եմ, որ արդյունքում ունենալու ենք տնտեսապես շահավետ կապեր, որոնք օգտակար են լինելու և´ այդ մարդկանց, և´ մեր երկրի ու ժողովրդի համար: Որպես իշխանություններ` մենք պատրաստ ենք մեր անելիքն անել»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահը կարևորել է նաև մրցանակաբաշխությունը երիտասարդության շրջանում անցկացնելն ու տաղանդաշատ երիտասարդներին հնարավորինս խրախուսելը:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին` իրենց ծրագրերի իրականացման գործում մշտական աջակցության և այսօրվա ընդունելության համար: «Հայաստանում աշխատելու, ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծված են: Իշխանության հետ համագործակցության մեխանիզմները հստակ են: Այդ առումով, չափազանց կարևոր էր, որ նախագահը սփյուռքի նախարարություն ստեղծելու իր նախընտրական խոստումն ընտրություններից հետո կատարեց, և այժմ այդ նախարարության, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, նաև այլ պետական մարմինների հետ սերտ համագործակցելով` մենք իրականացնում ենք մեր ծրագրերը»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 Ուշագրավ
---