Baku.am հայկական կայքն արդեն հասանելի է նաև ադրբեջաներենով

Baku.am հայկական կայքն արդեն հասանելի է նաև ադրբեջաներենով

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Baku.am կայքէջը, որը լուսաբանում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը, այժմ արդեն հասանելի է նաև ադրբեջաներենով:

Կայքէջի ադրբեջաներեն տարբերակի պատրաստմանը նպաստել են այն բազմաթիվ նամակներն ու լայն արձագանքը, որը հետևեց կայքի գործարկմանը: Կայքէջը համալրվել է նոր նյութերով` Բաքվի հայկական նավթային ընկերությունների բաժնետոմսեր, լուսանկարներ, բացիկներ և այլն:

Baku.am քառալեզու վեբկայքը անցած ութ ամիսների ընթացքում այցելել են շուրջ 70 000 օգտվողներ, ովքեր հնարավորություն ունեն ծանոթանալու Բաքու քաղաքի հայ համայնքի պատմության, ժառանգության ու ճակատագրի հետ:

Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը: Հայերը կազմում էին քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբը` ռուսներից և բազմացեղ մահմեդական բնակչությունից հետո:

Ցավոք, Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որդեգրած հակահայկական քաղաքականությունը չի հանդուրժում որևէ հիշատակում Բաքվում հայերի երբեմնի ներկայության ու քաղաքի պատմության մեջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգության մասին:

Կայքի պատրաստումը նախաձեռնել և իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` «Zօom graphics» ընկերության մասնակցությամբ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---