Բացվեց «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական ցուցահանդեսը

Բացվեց «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Երևանի Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում բացվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական նկարների մրցույթի մասնակից սփյուռքահայ երեխաների ներկայացրած աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացումն ազդարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ես Հայրենիք եմ հրավիրում այս մրցույթ-ցուցահանդեսի կտավների հեղինակ բոլոր երեխաներին, որպեսզի նրանք հայրենի հողից ստացած ուժով ու տպավորություններով նոր կտավներ ստեղծեն, որպեսզի Հայրենիքը տեսնեն ու գնահատեն իրենց աչքերով»,-ասաց նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարության այս նախաձեռնությանն արձագանքել են աշխարհի տարբեր երկրների` ԱՄՆ-ի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ավստրալիայի և Լատվիայի հայ համայնքները: 15 քաղաքների հայ համայնքներում անցկացվել են գեղանկարների մրցույթներ, ինչի արդյունքում 107 նկար ուղարկվել է Հայաստան: Մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբերի (6-11տ., 11-14տ., 14-17 տ.) երեխաների և պատանիների միջև:

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության ներկայացուցիչներից ընտրված ժյուրին գնահատել է աշխատանքները և 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ է սահմանել տարիքային 3 խմբի մասնակիցների համար: Գլխավոր մրցանակի է արժանացել Սիդնեյից 16-ամյա Ռոզմերի Հալքպլյանի ստեղծագործությունը: Ցուցահանդեսին ներկայացված բոլոր նկարների հեղինակները պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով:

Մասնակիցների համար մրցանակներ էին սահմանել նաև Երևանի քաղաքապետարանը, Կենտրոնական բանկը և «ԱրմենՏել» ընկերությունը:

7  18.10.11 - ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպված սփյուռքահայ երեխաների աշխատանքների ցուցահանդեսը
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---