Պուտին. Հայաստանն ու Ռուսաստանը աշխատում են ՀՀ տրանսպորտային համակարգի բարելավման վրա![]() 18 հոկտեմբերի 2011 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան Պալատում այսօր` հոկտեմբերի 18-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կողմերը քննարկել են ընթացիկ տնտեսական վիճակին և երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: «Հայաստանի տնտեսության մեջ ավելանում են ռուսական կապիտալով ներդրումները, որոնց ծավալը Ձեր երկրում կազմում է 3 միլիարդ ԱՄՆ դոլար»,- նշել է նա, հավելելով, որ կողմերը այժմ աշխատում են Հայաստանի տրանսպորտային համակարգի բարելավման ուղղությամբ: «Ռուսական կողմն ստանձնել է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, և Հայաստանի երկաթգծի զարգացմանն ուղղված ներդրումները հասնում են 5 մլրդ ռուսական ռուբլու: Տեղյակ եմ, որ այս ուղղությամբ զարգացման ծրագիր է մշակված, ինչը նշանակում է, որ երկաթգծի զարգացմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: Գիտեք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև գտնվող Վերին Լարս անցակետը բացվել է նաև հայկական կողմի խնդրանքով, որպեսզի կարգավորվի Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային կապը»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ ռուսական կողմը տեղյակ է նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի մասին: «Այս ուղղությամբ պետք է քննարկվի հարցի տնտեսական կողմը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրների միջև առկա են երկկողմ լավ հարաբերություններ նաև էներգետիկայի, մասնավորապես, ատոմային էներգետիկայի ոլորտում: Իսկ «Գազպրոմ» ընկերության ներդրումները Հայաստանի էներգետիկ ոլորտում կազմում են 1.6 մլրդ ԱՄՆ դոլար: Ոչ մի կասկած չպետք է լինի, որ երկկողմ համատեղ ծրագրերն ամբողջությամբ իրականացվելու են»,- ընդգծել է ՌԴ վարչապետը: Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի վարչապետին` Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, Հայաստանի տնտեսությունում նկատվում է զարգացման ակտիվություն: «Նախորդ տարի Հայաստանն արձանագրել է 2 տոկոս տնտեսական աճ: Այս տարի սպասվում է, որ տնտեսական աճը մեր երկրում մոտ կլինի 5 տոկոսին»,- ասել է Սարգսյանը, հավելելով, էր հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգացման լավ դինամիկա: «Հայաստանում ռուսական ընկերություններն իրենց ապահով են զգում: Մեր երկրում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություն: Խոշոր ռուսական կապիտալով ընկերությունների ներդրումները հասել են շահութաբերության բարձր մակարդակի: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր համատեղ ծրագրերը հաջողությամբ են ընթանում, և ձախողված ծրագրեր չկան»,- նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը: Հայաստանի վարչապետը շնորհակալությու է հայտնել ռուսական կողմի գործընկերներին 2009 թ. Հայաստանին հատկացված 500 մլն ԱՄՆ դոլար վարկի համար, «որն օգնել է հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները»: «Այդ գումարից 250 մլն ուղղվել է աղետի գոտում շինարարության իրականացմանը: Մի կողմից` այն նպաստեց մեր երկրի տնտեսական աճին, քանի որ գումարներն ուղղվեցին շինարարությանը, մյուս կողմից՝ այն ուներ սոցիալական նշանակություն, քանի որ մարդիկ վագոն-տնակներից տեղափոխվեցին հարմարավետ բնակարաններ: Մնացած 250 միլիոնն ուղղվել է տնտեսության վարկավորմանը, մասնավորապես, այն ընկերություններին, որոնք դժվարություններ ունեին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |