Պավել Լիսիցյանի 100-ամյակը նշվում է պետական մակարդակով

Պավել Լիսիցյանի 100-ամյակը նշվում է պետական մակարդակով

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Պավել Լիսիցյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի աշխատանքներն այսօր իմի են բերվում Պավել Լիսիցյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքից: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնկան կայքը:

Հոկտեմբերի 24-ին Մաշտոցի 48 հասցեում բացվեց ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Պավել Լիսիցյանի հուշաքարը:

Նույն օրը` ՀՀ մշակույթի նախարարության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է «Պավել Լիսիցյան- 100» հոբելյանական երեկոն, որին ներկա կգտնվեն մեծ վոկալիստի դուստրերը` Ռուզաննա և Կարինե Լիսիցյանները:

Ի թիվս վերոնշյալի` Պավել Լիսիցյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում 2011 թ. հունիսի 20-ից հուլիսի 5-ը կայացել է մեներգիչների հանրապետական մրցույթ` նվիրված Պավել Լիսիցյանի` 100 և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյա հոբելյաններին, որին մասնակցել են 5 տասնյակը գերազանցող երիտասարդ կատարողներ: Պետական պատվերով հրատարակվել է Սերգեյ Յակովենկոյի «Պավել Լիսիցյան» գրքի հայերեն թարգմանությունը: Օրերս լույս է տեսել Մարկ Պետրոսյանի` «Պավել Լիսիցյան-100» հուշալբոմը, որտեղ ներկայացված է 20-րդ դարի մեծագույն երգչի կյանքն ու ստեղծագործական ուղին: Գիրքը ներառում է նաև ձայնագրված ու տեսագրված լիսիցիանական վառ կատարումների 2` տեսա և ձայնասկավառակներ: Հոբելյանական տարում պատրաստվել և հեռարձակվել են նաև մի շարք հեռուստահաղորդումներ ու մեծ վոկալիստին նվիրված անդրադարձներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---