Երևանում ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներն ակցիա են անցկացնում` ի օժանդակություն Տիգրան Առաքելյանին

PanARMENIAN.Net - Երևանում` Արամ Խաչատրյանի հուշարձանի դիմաց, ընթանում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստների ակցիան` ի օժանդակություն ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հաղորդել է ակցիայի մասնակիցներից Դավիթ Քիրամիջյանը, այս ակցիայի նպատակն է ինչպես աջակցել անձամբ Տիգրան Առաքելյանին, այնպես էլ ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի հասնեն բանտարկյալի ազատ արձակմանը: Հարցին այն մասին, թե արդյոք այդ ակցիան արտոնագրված է, Քիրամիջյանը պատասխանել է, որ քանի որ մասնակիցների թիվը չի գերազանցում 100 հոգին, օրենքի համաձայն, իրենք կարող են նաև չտեղեկացնել իշխանություններին այդ ակցիայի մասին:

Քիրամիջյանի կարծիքով, նման ակցիաներն արդյունավետ են և կարող են բերել Առաքելյանի ազատմանը, որը, նրա կարծիքով, «քաղբանտարկյալ» է:

PanARMENIAN.Net ի թղթակցի հաղորդման համաձայն, պիկետին մասնակցում է մոտ 20 մարդ, որոնց ձեռքերում պաստառներ են` տարբեր կարգախոսներով ինչպես ի օժանդակություն Առաքելյանին, այնպես էլ գործող իշխանությունների դեմ: Ժամանակ առ ժամանակ նրանք վանկարկում են «Ազատությո'ւն»:

Ակցիան կտևի մինչև 21:00, վերջում ցույցին կմիանա նաև հայտնի ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին միայն այսօր են ազատ արձակել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---