Դեկտեմբերին Երևանում կանցկացվի ՏՏ ոլորտի Start-up weekend

Դեկտեմբերին Երևանում կանցկացվի ՏՏ ոլորտի Start-up weekend

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր այս տարվա օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute): Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև մրցանակաբաշխության նախաձեռնող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը:

Սթենֆորդի համալսարանում վերապատրաստում անցած մենեջերները ոգևորությամբ են խոսել դասընթացի արդյունքների մասին և կիսվել իրենց տպավորություններով։ Նշվել է, որ դասընթացների ընթացքում հաստատված կապերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում ՏՏ ոլորտի Start-up weekend անցկացնել:

Այնուհետև վերապատրաստում անցած մասնակիցները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել Հայաստանի ՏՏ ոլորտում իրենց ընկերությունների գործունեության ուղղությունները:

Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ, որ ոգևորված եք վերադարձել: Դա մեզ էլ է ոգևորում, որ շարունակենք այս գործը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ցուցահանդեսները նոր թափ ստանան: Ցուցահանդեսների մասնակիցների քանակից և որակից, ներկայացրած արտադրանքից ու հետաքրքրող հարցերից արդեն պարզ է դառնում, որ այս դաշտում որակական փոփոխություն է տեղի ունենում»: Իր հերթին մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը վերապատրաստման դասընթացի մասնակիցների թվով գերազանցում էր ԱՊՀ երկրներին, ինչը վկայում է ՏՏ ոլորտի կառավարիչների կատարելագործման նկատմամբ ցուցաբերվող ուշադրության մասին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս վիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---