ՀՀ սփյուռքի նախարարը Մարսելի փոխքաղաքապետին պարգևատրել է «Պողոս Նուբար» մեդալով

ՀՀ սփյուռքի նախարարը Մարսելի փոխքաղաքապետին պարգևատրել է «Պողոս Նուբար» մեդալով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությանը` Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Չիտեչյանի և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պառակյանի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։

Նախարարը կարևորել է դեսպանի աշխատանքը` «հայերի համար ամենասիրելի պետություններից մեկում, ուր հայ համայնքը օրինակելի է բոլոր առումներով»:

Այնուհետև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն աջակցելու, հայապահպանության գործում զգալի ավանդի, Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ նախարարը Դիդիե Պառակյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Պառակյանը ձեռնարկությունների զարգացման և արտասահմանյան ծրագրերի գծով Մարսելի քաղաքապետի տեղակալն է, Ֆրանսիայի իշխող կուսակցության` «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) անդամ, «Didier Parakian» նորաձևության տան տնօրենը: Դիդիե Պառակյանի նախաձեռնությամբ իրականացվող աջակցության ծրագրի շրջանակներում բժշկական սարքավորումներ են տրամադրվել Հայաստանի բուժհիմնարկներին: Նրա միջորդությամբ և աջակցությամբ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարով Գեղարքունիքի մարզում իրականացվել է շուրջ 500 կանանց բժշկական հետազոտություն: Նրա հովանավորությամբ վերանորոգվում է Թալինի շրջանի Դավթաշեն գյուղի հանրակրթական դպրոցը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---