Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը միգրացիոն ոլորտում

PanARMENIAN.Net - Լեհաստանում Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ միգրացիոն ոլորտում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ քննարկեցին հետագա փոխգործակցության հարցեր: Արձանագրվեց, որ կողմերն արդյունավետ աշխատում են «ՀՀ կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակում: Ա. Գեւորգյանը նաեւ շնորհակալություն հայտնեց «ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտի ուսումնասիրություն» զեկույցի պատրաստման հարցում շվեդ մասնագետների աշխատանքի եւ ներկայացված օգտակար առաջարկությունների համար, որոնք մեծապես օգնել են միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի մշակման գործում:

Կարեւորվեց այս տարվանից Հայաստանի մասնակցությունը Սոդերկոպինգի գործընթացին, որը մեկնարկել էր 2001թ-ին` Շվեդիայի ԵՄ-ում առաջին նախագահության ընթացքում: Կողմերը փաստեցին, որ դա հնարավորություն կընձեռի Հայաստանի ներկայացուցիչներին մասնակցելու գործընթացի շրջանակներում կազմակերպվող ինչպես ազգային համակարգողների հանդիպումներին, այնպես էլ տարբեր թեմատիկ սեմինարներին:

Հետագա համագործակցության խորացման համատեքստում կողմերն անդրադարձան 2011թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Շարժունակության շուրջ գործընկերության» վերաբերյալ քաղաքական հռչակագրին: ԵՄ-ի կողմից հռչակագիրն ստորագրած 10 պետությունների շարքում է նաեւ Շվեդիան: Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է այդ ոլորտում Շվեդիայի հետ համագործակցությամբ` հաշվի առնելով, որ աշխատանքային միգրացիայի ոլորտում Շվեդիայի քաղաքականությունը համարվում է Եվրոպայում ամենաազատականն ու ճկունը:

Կողմերը կարեւորեցին Եվրամիության «Թվինինգ» գործընթացի շրջանակում 2012թ-ից մեկնարկող ծրագրի իրականացումը, որի նպատակն է աջակցել Հայաստանին կատարելագործելու միգրացիայի կառավարման համակարգը` այն համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին: Ծրագրի իրականացման համար ընտրվել է Շվեդիայի եւ Լեհաստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագիրն իրականացնելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ծրագրի գործողության ավելի քան 2 տարիների ընթացքում (27 ամիս) ոչ միայն լուծում կստանան նախատեսված խնդիրները, այլեւ Շվեդիայի միգրացիոն մարմինների հետ համագործակցությունը կհասնի նոր մակարդակի:

Թ. Բիլսթրոմն իր հերթին պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել փոխգործակցության խորացման հարցում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---