Թուրքիան ցանկանում է ՀԱԷԿ-ից բողոքել ՄԱԳԱՏԷ-ին, որը դրական է գնահատել կայանի անվտանգության մակարդակը

Թուրքիան ցանկանում է ՀԱԷԿ-ից բողոքել ՄԱԳԱՏԷ-ին, որը դրական է գնահատել կայանի անվտանգության մակարդակը

PanARMENIAN.Net - Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը դիմել է ՄԱԳԱՏէ՝ պահանջելով փակել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, հայտնում է «Միլիեթ» թերթը: Նա հայտարարել է, որ միջազգային գործակալությունն ունի նման լիազորություններ: «Մենք դեմ ենք շահագործման ժամկետը սպառած բոլոր կայանների աշխատանքին, մենք հանդես կգանք նման բոլոր կայանները փակելու նախաձեռնությամբ»:

Նախարարն ասել է, որ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով նա Վանի երկրաշարժից հետո դիմել է մասնագետներին, քանի որ Մեծամորի ԱԷԿ-ը գտնվում է Թուրքիայի սահմաններին մոտ: Նա նշել է, որ ճառագայթման մակարդակը տարածաշրջանում չի բարձրացել: «Մենք դեմ ենք շահագործման ժամկետը սպառած կայանների գործունեությանը, հատկապես նրանց, որ մոտ են մեզ: Աշխարհում կա 40 տարին լրացած 26 ԱԷԿ: Այդ կայանները պետք է փակել: Սակայն, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ատոմային էներգիայից»:

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը մի քանի անգամ բարձր է ճապոնական «Ֆուկուսիմայի» մակարդակից: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով վերջերս լրատվամիջոցներում խմորվող հաղորդագրությունները Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ:

«Հայաստանի ԱԷԿ-ն աշխարհում միակ ատոմակայանն է, որը բնական շրջանառության ռեժիմ ունի, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում անգամ առանց հարկադրական շրջանառության ապահովել ռեակտորի սառեցումը 72 ժամվա ընթացքում»,- ասել է նախարարը: Արմեն Մովսիսյանը նշել է, որ հայկական կողմն աշխարհի տարբեր ԱԷԿ-երում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն է ստանում, որի հիման վրա մշակում է ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովման միջոցառումների ծրագիրը և մոդելավորում իրավիճակը:

2012 թվականի ապրիլին Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի ԱԷԿ-ում սթրես-թեստ կանցկացվի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական համաժողովում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորված է ճապոնական Ֆուկուսիմայում ողբերգական իրադարձություններով: Նա հաղորդել է նաև, որ ներկա պահին Հայաստանի ԱԷԿ-ում անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքները շարունակվում են:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբը դրական է գնահատել կայանի անվտանգ շահագործման մակարդակը՝ հավելելով, որ ԱԷԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել միջազգային փորձագետների հայտնաբերած թերությունների վերացմանը:

Իսկ ինչ վերաբերում է նոր էներգաբլոկի շինարարությանը, ապա, ինչպես հաղորդել է նախարարը, իրականացվում են պոտենցիալ ներդրողների որոնման աշխատանքներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---