Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ` նշելով, որ Հայաստանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:
Նախագահը գոհունակությամբ է արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջև կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ընթացքում` նպաստելով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:
Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադան իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին` շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ: Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որը ևս լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար: