Վարչապետ. Մենք մտադիր ենք անցկացնել ամենաթափանցիկ ընտրություններն անկախ Հայաստանի պատմության ընթացքում

Վարչապետ. Մենք մտադիր ենք անցկացնել ամենաթափանցիկ ընտրություններն անկախ Հայաստանի պատմության ընթացքում

PanARMENIAN.Net - ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»: Այս հարցում վարչապետը կարևորել է նոր ընտրական օրենսգիրքն ու հանրային ծառայությունների մասին օրենքը, որը թափանցիկ է դարձնելու պետական պաշտոնյաների գործունեությունը:

Կառավարության ղեկավարը ԵԺԿ քաղաքական ասամբլեայի ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական ինտեգրման քաղաքականության, ինչպես նաև ՀՀԿ ԵԺԿ-ին անդամակցության հեռանկարների մասին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է տնտեսական ու կառուցակարգային այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում. «Այսօրվա աշխարհում, փոփոխություն է տեղի ունենում ավելի արագ, քան երբևէ: Հետևաբար, Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը: Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը կարևորագույն նշանակություն են ունենալու արագ և էական առաջընթաց ապահովելու համար, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Այս համատեքստում ԵՄ կողմից առաջարկված Արևելյան գործընկերությունը, մի կենսական գործիք է, որը կարող է խթանել տրանսֆորմացիոն գորընթացը: Մենք վերահաստատում ենք մեր մտադրությունը ԵՄ հետ մեր տնտեսական և քաղաքական ինտեգրումն առավել զարգացնելու առումով և մեր երախտիքն ենք հայտնում օժանդակության համար: Ներկայումս, ԵՄ հետ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ և սկսում ենք խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվում են լրջագույն բարեփոխումներ, որոնք տեսանելի են հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու հայ-թուրքական հարաբերություններին` վերահաստատելով առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը: Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բրյուսելում երկօրյա աշխատանքային այցով: Այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետը աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային և իր կեցավայրում ընդունել է Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի անդամներին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---