Սեյրան Օհանյանը շնորհավորել է «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին 15-ամյակի առթիվ

Սեյրան Օհանյանը շնորհավորել է «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին 15-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հինգ տասնյակ անդամներին, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Ընդունելությունը նվիրված է եղել ակումբի հիմնադրման 15-ամյակին: «Վարդանանք» ակումբում ներգրավված են արցախյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի զոհված ուսանողների ծնողները, զավակները, ինչպես նաև համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարին և միջոցառման մյուս անդամներին ներկայացնելով ակումբի ծավալած գործունեությունը հիմնադրումից ի վեր` ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշել է, որ ակումբի նպատակն է անմար պահել հայրենիքի համար մարտնչած զորավարների, Արցախյան ազատամարտում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը, նրանց օրինակով ու ազգային վեհ գաղափարներով դաստիարակել համալսարանական երիտասարդներին: Ակումբի անդամները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել աջակցության համար՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ կանեն՝ բարձր պահելու Արցախյան գոյամարտում զոհված ազտամարտիկների և ընդհանրապես՝ հայ հերոսների վառ հիշատակը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին բարձր է գնահատել ակումբի գործունեությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: «Վարդանանք ակումբի մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր զգացել են պատերազմի դաժան հետևանքները: Ձեզնից շատերը, հանդիսանալով զոհված ազատամարտիկների հարազատներ, երբեք չեն ընկրկել և իրենց ողջ ջանքերը ներդրել են մեր մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում»,- ասել է նա:

Վարդանանք ակումբի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և գնահատանքի արժանի գործունեության համար պաշտպանության նախարարի հրամանով ակումբի անդամները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը և «Արցախի հերոս» շքանշանակիր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---