ՀԱՊԿ կենտրոնակայանում քննարկեցին 2012թ. Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժությունների նախապատրաստումը

ՀԱՊԿ կենտրոնակայանում քննարկեցին 2012թ. Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժությունների նախապատրաստումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել գործողությունների ծրագիր 2012-2013թթ. համար` փոխգործակցության խորացմանն ուղղված միջոցառումների ցանկով և ժամանակացույցով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժամանակակից մոտեցումների հիման վրա առկա համաձայնագրերի լրամշակման և իրավապայմանագրային դաշտի համապատասխանեցման հարցերը:

Այնուհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում հայաստանյան պատվիրակության, ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ ստորաբաժանումների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում» թեմայով կլոր սեղան-քննարկում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով և բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը` ընդգծելով Հայաստան-ՀԱՊԿ ակտիվ փոխգործակցության կարևորությունը:

Իր զեկույցում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ամփոփ կերպով ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված աշխատանքները և ապագայի ծրագրերը: Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են նաև 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստմանն առնչվող հարցեր: Կլոր սեղանի ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որն անդրադարձել է արտակարգ իրավիճակների գծով Հայաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող աշխատանքներին և այս ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---