Երևանում բացվեց գորգարվեստին նվիրված առաջին գիտաժողովը

Երևանում բացվեց գորգարվեստին նվիրված առաջին գիտաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 18-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոնի թանգարանում բացվեց հայկական գորգագործությանը նվիրված առաջին համապետական երկօրյա գիտաժողովը: Ողջույնի խոսքով ելույթներ ունեցան թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը:

Հովիկ Հովեյանը լրսգրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ այսօր աշխարհում հայկական գորգը անկում է ապրում, փոխարենը աշխարհը ողողել են թուրքական, հնդկական և նույնիսկ կորեական գորգերը: Նա նշեց, որ հայկական գորգերը չպետք է վերանան, և դրա համար պետք է երկրում զարգացնել ձեռագործ գորգագործությունը` ստեղծելով արհեստանոցներ և գործարաններ:

Մշակույթի նախարարի տեղակալը իր ելույթում նշեց, որ գիտաժողովի նյութերը անհրաժեշտ է տպել ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով: Նա նաև նշեց, որ նախարարությունը կփորձի նաև այս գիտաժողովը դարձնել միջազգային:

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և ԼՂՀ թանգարանների գորգագիտության բաժնի գիտական աշխատողներ, գորգագետներ և այլ մասնագետներ: Նրանք խոսելու են գորգագործության տեխնիկայից, ծագումնաբանությունից, պատմությունից և այլն:

Թանգարանի գորգերի բաժնի գլխավոր ֆոնդապահ Հենրիկ Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թանգարանում պահպավում են 235 գորգ, ցուցադրվում են 20 գորգ և 15 կարպետ: Հնագույն գորգը, որը պահպանվում է թանգարանում, թվագրվում է 1809 թ-ով և բերվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---