ԱԺ-ն հետաձգել է վիճահարույց օրենքի քննարկումը շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ

ԱԺ-ն հետաձգել է վիճահարույց օրենքի քննարկումը շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային Ժողովն այսօր հետաձգեց քվեարկությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրինագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Ինչպես նշեց Ազգային ժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նիկոյանը, ԱԺ-ն կառավարության հետ քննարկել է քվեարկության հետաձգումը և կառավարությունը դեմ չի եղել դրան։

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց պատգամավորներին, որ այս ուրբաթ ԱԺ-ում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ համատեղ տեղի կունենան խորհրդարանական լսումներ այդ օրինագծի շուրջ։

Իր հերթին «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի խմբակցություններին և նախագահությանը, որ ընդառաջեցին «Ժառանգության» առաջարկին և հետաձգեցին քվերակությունը և նշանակեցին խորհրդարանական լսումներ։

Նշենք, որ երեկ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ի մոտ անցնում էր բողոքի ակցիա այս և «Ընդերքի մասին» օրինագծերի դեմ։ Երեկ նաև մի շարք ընդդիմադիր և կոալիցիոն պատգամավորներ իրենց դժգոհությունը հայտնեցին՝ նշելով, որ օրինագիծը պետք է քվեարկվի առանց համապատասխան հանձնաժողովում քննարկելու։

Այսօր ԱԺ-ն նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եկամտահարկի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Շահութահարկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---