Ռուսաստանը զինում է Դամասկոսի՞ն 2 դեկտեմբերի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում իրադրության սրման պայմաններում, երբ գնալով նորանոր երկրներ են միանում Բաշար Ասադի վարչակարգի դեմ պատժամիջոցներին, իսկ Եվրամիությունը խստացնում է այդ պատժամիջոցները, Ռուսաստանը զինում է Դամասկոսին, գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ուրբաթ օրը Դամասկոսը «Յախոնտ» հականավային գերձայնային թևավոր հրթիռներով «Բաստիոն» ափային համալիրներ է ստացել: Այդ հրթիռները լրջորեն անհանգստացնում են Իսրայելին և, արևմտյան մամուլի կարծիքով, առաջնային զենք են, որը գրեթե անհնար է չեզոքացնել թիրախի ճանապարհին: Ռուսաստանն ամեն կերպ փորձում է ընդգծել, որ պարզապես կատարում է ավելի վաղ կնքված գործարքները, և որ սպառազինության մատակարարումը ոչ մի կերպ կապված չէ այդ երկրի շուրջ իրադրության ներկայիս լարվածության հետ: Մասնավորապես, ուրբաթ օրը Մոսկվայում տեղեկացված ռազմա-դիվանագիտական աղբյուրը, հաղորդելով «Յախոնտերի» մասին, պարզաբանել է «Ինտերֆաքսին», որ խոսքը գնում է դեռևս 2007 թվականին կնքված գործարքի շրջանակում մատակարարումների մասին: Մատակարարումների ճշգրիտ ժամկետներն ու ծավալները աղբյուրը հրաժարվել է նշել: Նա միայն հասկացրել է, որ գործարքն ամբողջությամբ կատարելու մասին առայժմ վաղ է խոսել: «Դեռևս ժամանակ կպահանջվի այդ համալիրների շահագործմանը սիրիական անձնակազմին ուսուցանումն ավարտելու համար»,- ասել է աղբյուրը: Գործակալության մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ Դամասկոսը նախատեսում էր առնվազն երկու «Բաստիոն» համալիր ստանալ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մինչև 36 «Յախոնտ» հրթիռներից: «Այդ սպառազինությունը թույլ կտա պաշտպանել Սիրիայի ողջ ափային գիծը ծովի կողմից հնարավոր հարձակումից»,- ճշտել է նա: Սիրիայում վերջին 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |