Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, քաղաքապետը նշել է՝ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել համայնքում իրականացվող ծրագրերին:
Ընդգծելով վարչական շրջանի ղեկավարի բազմակողմ աշխատանքի և պատասխանատվության բեռը՝ Տարոն Մարգարյանը կարևորել է ամենօրյա հետևողական ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը, որը ունի միայն մեկ բանաձև՝ ի նպաստ Երևանի և երևանցու:
«Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», -նշել է քաղաքապետը: