Նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում ՀՀ-ն ստիպված կերկարացնի 2-րդ էներգաբլոկի ժամկետները

Նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում ՀՀ-ն ստիպված կերկարացնի 2-րդ էներգաբլոկի ժամկետները

PanARMENIAN.Net - Հայաստանը մշակել է էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր, որում առանցքային տեղ ունի միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիրը: «Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստում:

Նրա խոսքով` նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում, Հայաստանը ստիպված կլինի լուծել ԱԷԿ-ի 2-րդ գործող էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ 2011թ. ապրիլին պլանավորած «Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը. ներդրումային հնարավորություններ» միջազգային համաժողովը տեղափոխվեց Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառով: Ինչպես նշել է նախագահը, դա հնարավորություն տվեց միջուկային միջազգային ընկերակցությունների հետ ուշադիր ուսումնասիրել Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարի հետևանքները և հաշվի առնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում անվտանգության պահանջների հնարավոր փոփոխությունները:

Ըստ 2010թ. օգոստոսին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ» ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը նախագծում մասնակցում է որպես ներդնող, և նրա ներդրումները կհամապատասխանեն «միջուկային կղզյակ»-ի համար մատակարարվող սարքավորումների արժեքին: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ռուսական ԱԷԿ-92 նախագծին՝ որպես միջուկային նոր էներգաբլոկի նախագիծ: «Մենք արդեն ավարտել ենք Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման տեխնիկական-տնտեսական հիմնավորման մշակման աշխատանքները: Կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել ՄԱԳԱՏԷ-ի օգնությանը` ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ վերագնահատման հաշվետվությունների փորձագիտության կազմակերպման հարցում: Այդ աշխատանքը կարևոր է ինչպես գործող միջուկային բլոկի սեյսմիկ անվտանգության, այնպես էլ մեր Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրագործման համար»,- ասել է նա:

Ներկայումս գործում է ԱԷԿ միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ: Հայաստանը պատրաստվում է նար ատոմակայան կառուցել ներկայիս ՀԱԷԿ տեղում: Առայժմ խոսքը գնում է 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկի կառուցման մասին: Հայաստանի Էներգետիկայի նախարարության տվյալներով, նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---