Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հետ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Սկապինին շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ-իտալական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին, Տարոն Մարգարյանը կարևորել է այդ հարաբերությունների ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու, իտալական այլ քաղաքների հետ նույնպես գործընկերային հարաբերությունների ձևավորման հեռանկարները: Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է առաջիկայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Իտալիա կատարելիք այցի շրջանակում Վենետիկի քաղաքապետի հետ երկու քաղաքների համագործակցության և Երևանն ու Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ արձանագրության ստորագրումը:

«Հայաստանն ու Իտալիան բավական շատ ընդհանուր բան ունեն, ուստի պետք է կարողանանք այդ ամենն օգտագործել հարաբերությունների խորացման համար»,- նշել է Սկապինին:

 Ուշագրավ
---