Ստոկհոլմում և Օսլոյում տեղի կունենա Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը

PanARMENIAN.Net - Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում և նորվեգական Օսլոյում տեղի կունենա Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը: Մրցանակը շնորհվում է սկսած 1901 թվականից, և պարգևատրման արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Դրամական պարգևի չափը կազմում է 10 մլն շվեդական կրոն (մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլար): Բոլոր մրցանակները շնորհվում են Ստոկհոլմում, բացառությամբ Խաղաղության մրցանակի, որի շնորհման արարողությունը տեղի է ունենում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Պարգևատրման արարողությունից հետո դափնեկիրները կհրավիրվեն հանդիսավոր ճաշկերույթին:

2011 թվականին ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել իմունոլոգներ Բրյուս Բեթլերն ու Ռալֆ Շթայնմանը ԱՄՆ-ից և Ջուլս Հոֆմանը Ֆրանսիայից: Շթայնմանին մրցանակը շնորհվում է դենդրիտների (իմունակարգավորող կարևոր գործառույթներ կատարող ծառանման բջիջներ) հայտնաբերման համար, Բեթլերին և Հոֆմանին` բնածին իմունիտետի ուսումնասիրման համար: Ընդ որում, նույն օրը` 2011թ. հոկտեմբերի 3-ին, երբ հայտնի դարձավ Շթայնմանին Նոբելյան մրցանակ շնորհելու մասին, ԱՄՆ-ում Ռոքֆելերի համալսարանը, որտեղ աշխատում էր 68-ամյա իմունոլոգը, հաղորդեց, որ գիտնականը մահացել է 2011թ. սեպտեմբերի 30-ին:

Կանոնադրության համաձայն, Նոբելյան մրցանակը կարող է հետմահու շնորհվել միայն այն դեպքում, երբ հավակնորդը կենդանի է եղել նրան մրցանակ շնորհելու մասին հայտարարելիս, բայց չի ապրել մինչև այդ տարվա դեկտեմբերի 10-ը, երբ տեղի է ունենում պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այդ կետը բազմիցս քննադատության է ենթարկվել:

2011թ. ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են հայտարարվել ամերիկացիներ Սոլ Փերլմութերը, Բրայան Շմիդտն ու Ադամ Ռայեսը: Մրցանակը շնորհվել է «Տիեզերքի արագացող ընդլայնման հայտնաբերման» համար: Քիմիայի ոլորտում 2011թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր է հայտարարվել Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դանիել Շեխտմանը «քվազիբյուրեղների հայտնաբերման» համար: Գրականության ոլորտում 2011 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել շվեդացի բանաստեղծ Թոմաս Տրանսթրեմերը: «Պարզ, հագեցած կերպարների միջոցով նա մեզ համար վերստին բացահայտում է իրականությունը»,- այսպես է շարադրված «նոբելյան» հիմնավորումը:

2011թ. Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Լիբերիայի (2006-ից) 24-րդ նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆին (աֆրիկյան երկրի առաջին կին նախագահ և կանանց իրավունքների պաշտպան), հանուն խաղաղության լիբերիական կանանց շարժման ներկայացուցիչ Լեյմախ Գբովիին և եմենական ակտիվիստուհի, կանանց իրավունքների պաշտպան Թավաքուլ Քարմանին: 2011թ. տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Թոմաս Սարջենթն ու Քրիստոֆեր Սիմսը: Մրցանակը շնորհվել է «մակրոտնտեսության մեջ պատճառահետևանքային կապերի էմպիրիկ հետազոտությունների» համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---