Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ քրեական գործով վարույթը կարճվել է![]() 13 դեկտեմբերի 2011 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև 2011թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքը: Մամլո ծառայությունը նշում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տևական ժամանակ Ս.Խաչատրյանի և Ս.Համբարձումյանի միջև ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջև 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում` ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել և կցվել է քրեական գործին: Ս.Համբարձումյանի ցուցմունքի համաձայն` Ս.Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար: Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է` ծեծի հատկանիշներ` իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011թ.դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Օրենքով սահմանված կարգով` կողմերը որոշման մասին տեղյակ են պահվել` միաժամանակ պարզաբանելով որոշումը բողոքարկելու իրավական հիմքերը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |