Արշակ Սադոյան. Պետք է ստեղծենք արդյունավետ կազմակերպված ազգային վիրտուալ տարածք

Արշակ Սադոյան. Պետք է ստեղծենք արդյունավետ կազմակերպված ազգային վիրտուալ տարածք

PanARMENIAN.Net - Արդյո՞ք քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում ընդգրկված է հեռահաղորդակցության ընձեռած հնարավորություններն օգտագործելով համազգային կառույց ստեղծելու հարցը, թե՝ ոչ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցը բարձրացրեց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը. «Այսօր համացանցն ու նորագույն տեխնոլոգիաները լայն հնարավորություն են տալիս աշխարհով մեկ ազգ-կազմակերպություն ստեղծելու ու համազգային կարևորության խնդիրները միասնական ուժերով լուծելու համար։ Պետք է ստեղծենք արդյունավետ կազմակերպված ազգային վիրտուալ տարածք»։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայնեց նման կառույցի ստեղծման կարևորության հետ։ Նա նշեց, որ մենք պետք է ոչ թե վախենանք, փախչենք գլոբալիզացիայից, այլ այդ «քամին» օգտագործենք հօգուտ մեզ. «Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս շփվել առանց միջնորդի, ազատ քննարկումներ կազմակերպել։ Մենք 3 միլիոն չենք, 10 միլիոն ենք։ Եվ այդ 10 միլիոնի նպատակը պետք է լինի գործել հօգուտ Հայաստանի։ Իսկ դա անելու միջոցներն ու մեթոդները երկրորդական են»։

Քննարկման մեկ այլ մասնակից ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանը որպես օրինակ բերեց հրեաներին ու չինացիներին, որոնք մշակել են գործուն մեխանիզմներ հայրենիք-սփյուռք շփումը հնարավորինս արդյունավեց դարձնելու համար։ «Մենք մեր համազգային հնարավորությունների 10 տոկոսն էլ չենք օգտագործում, այնինչ պետք է փորձենք դառնալ համազգային խնդիրներ լուծող ազգ»։

Շարմազանովը նշեց, որ այսօր գոյություն ունի 2 հարց, որի շուրջ համախմբված են աշխարհի բոլոր հայերը՝ Ցեղասպանության ու Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը. «Շատ լավ գաղափար է համախմբվելը։ Այստեղ սփյուռքի նախարարությունն էլ անելիքներ ունի, մենք բոլորս էլ։ Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, սակայն չգիտենք՝ ինչպես դա անել։ Կարծում եմ պետք է նախնական փուլում փակ քննարկումներ կազմակերպել, ինչ-որ մեխանիզմներ մշակել, նոր ներգրավել ԶԼՄ-ներին ու հասարակության փակ շերտերին։ Փակ քննարկումներն այսպիսի դեպքերում առավել արդյունավետ են լինում»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---