Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահին առաջարկում է հանդիպել ՀՅԴ, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահին առաջարկում է հանդիպել ՀՅԴ, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի նախագահին առաջարկում է անցում կատարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս մասին «Ժառանգությունը» հայտարարել է փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև ողջունել է քաղաքական ուժերի ուշացած որոշումը` կապված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ: Այս առնչությամբ նա առաջարկել է երկրի նախագահին հանդիպել Դաշնակցության, «Ժառանգության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է նրա դիրքորոշմանը, ապա նա նկատել է, որ չնայած ինքը մեծացել է ԱՄՆ-ում, որտեղ բացառապես մեծամասնական համակարգ է, սակայն կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է համամասնական ընտրակարգ: «Մեծամասնական համակարգը Հայաստանի համար լավ կլինի 50 տարի անց»,-հայտարարել է նա:

Փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ պետակա-իրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովը իր նիստի ժամանակ որոշում է կայացրել փետրվարի 15-ին լսումներ անցկացնել` 100-տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու վերաբերյալ:

«Ժառանգությունը» և ՀՅԴ-ն 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին ՀԱԿ-ն ու մի շարք ընդդիմադիր այլ ուժեր:

Հունվարի 26 ԲՀԿ ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգության» հետ մեկտեղ դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին`100 տոկոսանոց ընտրահամակարգին անցում կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու խնդրանքով:

 Ուշագրավ
---