Երևանի բոլոր ծառերն ու կանաչ գոտիները կգույքագրվեն

Երևանի բոլոր ծառերն ու կանաչ գոտիները կգույքագրվեն

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը: Քաղաքապետարանից հայտնում են, որ այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն իսկ արվել են, որի շրջանակում, մասնավորապես, գույքագրվել և համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր ծառերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ պետք է գույքագրի մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու համարակալի ծառերը, որի հիման վրա կկազմվի առկա ծառերի և կանաչ գոտիների մասնագիտական քարտեզ, որը հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից տվյալ տարածքներում ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը: Հատկապես վերջինի մասով կդրվի նաև պայմանագրային խիստ պահանջ, համաձայն որի ծառերի ու կանաչ գոտիների նկատմամբ չնախատեսված կամ ոչ մասնագիտական յուրաքանչյուր միջամտության դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հավաստմամբ, աշխատանքային խումբը նաև կգույքագրի և քաղաքապետին կներկայացնի առաջարկներ բոլոր այն տարածքների վերաբերյալ, որտեղ հնարավոր կլինի կանաչապատման և անտառվերականգնման ծրագրեր իրականացնել:

Այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 10 հազար մշտադալար ծառեր ու թփեր, ավելի քան 20 հազար դեկորատիվ ծառեր: Բացի այդ նախատեսվում է վարչական շրջաններում անցկացնել 20 հազար գծամետր ոռոգման ցանց, ինչպես նաև ավելի քան 1մլն 700 հազար տարատեսակ ծաղիկներով ավելացնել ծաղկային տարածքները` հասցնելով այն 5,5 հեկտարի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---