Երևանում հանդես է գալու CONVERGENCE փառատոնի համանուն անսամբլը

Երևանում հանդես է գալու CONVERGENCE փառատոնի համանուն անսամբլը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ փետրվարի 16-ին Թբիլիսիում և փետրվարի 18-ին Երևանում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա CONVERGENCE միջազգային փառատոնի համանուն անսամբլի համերգները: Նվագախումբն առաջին անգամ ներկայացնելու է Արամ Հովհաննիսյանի և արտասահմանյան երիտասարդ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները:

2010 թ. Pre-art կազմակերպության ստեղծված CONVERGENCE միջազգային երաժշտության փառատոնի նպատակն է որոնել նորանոր արհեստավարժ երաժիշտների, միջազգային երաժշտասեր հանրությանը ներկայացնել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև խթանել երիտասարդ երաժիշտ-կատարողների ստեղծագործական գործունեությունը:

Փառատոնի շրջանակնում ստեղծված երիտասարդական միջազգային նվագախմբի կազմում ընդգրկված են հայ երաժիշտներ Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Արմեն Մաիլյանը (շեփոր), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Լևոն Առաքելյանը (թավջութակ) և Լիլիթ Մխիթարյանը (ջութակ):

Համերգում հնչելու են Քսավյե Դայերի (Շվեյցարիա) Le desert..., Սանշար Բայտերեկովի (Ղազախստան) Tolkyn, Իվան Պախոտայի (Ուկրաինա) The Tree, Լիլիա Ուգայի (Ուզբեկստան) Morendo, Ալեքսանդր Շմուրակի (Ուկրաինա) Golem և Արամ Հովհաննիսյանի (Հայաստան) Adonais ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---