ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՆԱՏՕ-ԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԳՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ` 2004Թ. ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն նամակով դիմել են ՆԱՏՕ-ին` կոչ անելով այդ կազմակերպության ղեկավարությանը քննել Ադրբեջանի գործողությունները, որոնք խոչընդոտեցին Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայացած «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հուպ Շեֆերին եւ գեներալ Ջեյմս Ջոնսին ուղղված նամակում կոնգրեսականները կոչ են արել մեկ այլ երկիր գտնել զորավարժություններ անցկացնելու համար, եթե Բաքուն հետագայում եւս խոչընդոտի Հայաստանի մասնակցությունը դրանց նախապատրաստմանը: «Մենք կիսում ենք Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը, ըստ որի Ադրբեջանի գործողությունները «հակասում են գործընկերության ծրագրի եւ Եվրաատլանտյան տարածաշրջանի, եւ, հատկապես, Հարավային Կովկասի, բոլոր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ համագործակցության ընդլայնման խնդրի ոգուն, տառին եւ տրամաբանությանը»,- ասվում է նամակում: Ավելին, նշում են նրանք, այժմ հարց է ծագում, կմնա արդյոք Ադրբեջանը հավատարիմ ՆԱՏՕ-ին, կշարունակի արդյոք աջակցել համագործակցության ամրապնդմանը դաշինքի եւ գործընկեր-պետությունների միջեւ: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել Ադրբեջանի ղեկավարության բացասական վարքագծին:
 Ուշագրավ
---