ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՍԾՏՀ ԽՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Մարտի 24-25-ը Երեւանում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը: Այդ կապակցությամբ ադրբեջանական «Օլայլար» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրները, երեկ տեղեկատվություն Է տարածել, որի համաձայն Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցելու Երեւանում կայանալիք նիստին, քանի որ Հայաստանը «չի երաշխավորել իրենց անվտանգությունը»: «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով տվյալ հաղորդագրությունը` ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ընդհանրապես չի դիմել հայկական կողմին Երեւանում իրենց պատվիրակության անվտանգություն հարցով: «Այս տեղեկատվությունը կարելի Է համարել պաշտոնական Բաքվի հերթական քարոզչական հնարքը»,- նշել է Գ. Մինասյանը: Նա հաղորդել է, որ ադրբեջանական պատվիրակությունը նախկինում մասնակցել Է ՍԾՏՀ ԽՎ-ի Երեւանում հրավիրված նիստերին: «Նրանք միշտ դիմել են մեզ եւ մենք միշտ երաշխավորել ենք նրանց անվտանգությունը»,- ասել է նա: Գ. Մինասյանը նմանատիպ հայտարարությամբ այսօր դիմել Է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ալեքսեյ Կուդրյավցեւին, նշելով, որ «Հայաստանը, ինչպես միշտ, պատրաստ Է ընդունել ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամ երկրների պատվիրակություններին»:
 Ուշագրավ
---