Հայ-թուրքական գործընթացը չի դադարեցվի

Անկախ մեր կամքից Արձանագրությունները վավերացվելու են և այդ "միջազգային նախագծով" շահագրգռված ուժերը նոր փուլ կսկսեն` Արձանագրությունների հոդվածների իրականացումը

Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի այցը Հայաստան անհասկանալի իրարանցում առաջացրեց քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, թեև պետությունների ղեկավարների ենթադրվող կամ ծրագրված հանդիպումներից առաջ նման այցերը սովորական դիվանագիտական պրակտիկա են: Սակայն ամեն ինչում որոշակի գաղտնի (կամ չար) միտում տեսնելու` հայ մեկնաբանների ձգտումը շատ լավ ցույց է տալիս, թե որքան է հասարակությունն անտեղյակ հայ-թուրքական հարաբերություններից` գոհանալով "մեկնաբանություններով", որոնք ուղղակիորեն հակառակ են ինչպես ըստ էության, այնպես էլ ըստ բովանդակության:

PanARMENIAN.Net - Բայց եթե փորձենք հաշվարկել Անկարայի առաջիկա քայլերը, ինչը, ի դեպ, այնքան էլ դժվար չէ, ապա կարելի է նշել, որ հայ-թուրքական գործընթացը չի դադարեցվի: Համաշխարհային տերությունները պարզապես թույլ չեն տա Անկարային ու Երևանին զբաղվել ինքնագործունեությամբ: Այս իրադրության մեջ ավելի հետաքրքիր է Սինիրլիօղլուի այցը Բաքու, որտեղ նա նախկինի պես վստահեցնելու է "եղբայրներին" Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի անփոփոխ դիրքորոշման հարցում: Պարզապես հետաքրքիր է` արդյոք Բաքվում դեռևս այդպիսի միամիտ մարդիկ կան, որոնք կհավատան այդ բացահայտ ստին: Ըստ ամենայնի, Էրդողանը հայ-թուրքական բանակցությունների շարունակության համար պետք է զոհաբերի Ադրբեջանը, իսկ Հայաստանը չպետք է Բարաք Օբամայից պահանջի կիրառել "ցեղասպանություն" տերմինը: Ընդհանուր առմամբ կարող էր և ավելի վատ լինել: Նախքան հայկական զիջումներին անցնելը պետք է հիշեցնել, որ Թուրքիան Ադրբեջանի առջև մի շարք պայմաններ է դրել, որոնց կատարումից հետո կարելի կլինի շարունակել ադրբեջանա-թուրքական երկխոսությունը: Դա առանց անցագրի ռեժիմի ներմուծումն է, ինչին հակառակվում է Բաքուն, Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչումը, գազի գնի իջեցումը: Ադրբեջանցի քաղաքական գործիչները գերադասում են չխոսել այդ մասին` փորձելով իրենց ներկայիս քաղաքականության բոլոր անհաջողությունները վերագրել Հայաստանին:

Իսկ ինչ վերաբերում է հայկական զիջումներին, ապա Բարաք Օբաման ամեն դեպքում նոր էվֆեմիզմ կհնարի, որպեսզի չարտասանի "ցեղասպանություն" բառը և վերջնականապես չմերժի Թուրքիային: Իսկ այն, որ այդ հարցով զբաղվում է բացառապես հայ Սփյուռքը, ապա Հայաստանի նախագահը միանգամայն հիմնավորելով կարող է ասել, որ ՀՀ-ն ԱՄՆ նախագահից կամ Կոնգրեսից կոնկրետ ոչինչ չի պահանջում: Բայց Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու Երևանի գործողություններին:

Նկատենք, որ Թուրքիայի համար այդ գործընթացում ավելի շատ սպառնալիքներ կան, քան Հայաստանի համար: Արձանագրությունների վավերացումը կարող է հանգեցնել արտահերթ համազգային ընտրությունների, որոնց արդյունքում իսլամիստները կարող են պարտություն կրել: Իշխանության կգան զինվորականներն ու ազգայնականները, ինչը Երևանի համար շատ ավելի վատ է, քան Էրդողանի կառավարությունը, թեև Թուրքիայի դեպքում ասել, թե Հայաստանի համար ինչն է լավ կամ վատ, չարժե: Պարզապես Էրդողանը միգուցե չարյաց փոքրագույնն է, իսկ միգուցեև` ոչ: Ընդդիմությունն ամեն դեպքում դեմ է հարաբերությունների կարգավորմանը ու, առավել ևս, սահմանի բացմանը: Եվ այն, որ Հայաստանի համար, ըստ էության, միևնույնն է, թե ինչ կլինի սահմանի հետ, ապա Անկարայի համար դա որոշ առումով ևս մեկ պլյուս է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Պլյուսը, իհարկե, մի քիչ վերացական է, առավել ևս եթե հաշվի առնենք Անգելա Մերկելի ու Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունները: Իսկ չվավերացնել Արձանագրությունները թուրքական խորհրդարանը չի կարող. հակառակ դեպքում Թուրքիայում կառավարող կուսակցությանը կհիշեցնեն նաև հայերի հասցեին ուղղված սպառնալիքները, և կիպրոսյան հիմնախնդիրը, և շատ այլ բաներ: Մի խոսքով, անկախ մեր կամքից Արձանագրությունները վավերացվելու են և այդ "միջազգային նախագծով" շահագրգռված ուժերը նոր փուլ կսկսեն` Արձանագրությունների հոդվածների իրականացումը: Եվ դա շատ ավելի դժվար կլինի, քան ստորագրումն ու վավերացումը: Իսկական սակարկությունը կսկսվի հենց այդ ժամանակ: Բայց այդ ամենը տեղի կունենա ապրիլի 24-ից հետո, թեև մենք կարող ենք նաև սխալվել: Եթե Վաշինգտոնում բանակցությունները չընթանան այնպես, ինչպես ծրագրել է ԱՄՆ վարչակազմը, ապա վավերացումը կարող է կայանալ ապրիլի 22-ին կամ 23-ին` հայ-թուրքական համաձայնագրի հրապարակման տարեդարձին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը

Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---