ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ ԵԱՀԿ առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների բնակեցման մասին, անընդունելի է Ադրբեջանի համար: Նրա կարծիքով, առաքելությունը լավ է աշխատել, սակայն «ԵԱՀԿ Մինսկի խումբը իր քաղաքական եզրակացության մեջ գործընթացները մեկնաբանել է ի օգուտ Հայաստանի` իբր թե բնակեցմամբ զբաղվել է ոչ թե Հայաստանի ղեկավարությունը, այլ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը»: Մ.Ահմեդօղլուի կարծիքով, այդ եզրակացությունն ուղղված է բանակցություններում Հայաստանին աջակցելուն, «օկուպանտ-երկրին արդարացնելու» նպատակով: «Այդ դեպքում մեղավորը չի գտնվում, քանի որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում եւ չի կարող կիրառվել Հելսինկիի կոնվենցիան, ըստ որի գրավյալ տարածքների բնակեցումը արգելվում է: Եթե փաստաթղթում հիշատակվեր Հայաստանը, օկուպանտ-երկրի նկատմամբ կարող էին կիրառվել պատժամիջոցներ, կարող էր ճնշում գործադրվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ զեկույցի միջոցով ուղղակի փրկել է Հայաստանին վտանգից: Բոլորը գիտեն, որ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մեծ մասը գնում է Հայաստան: Եթե նույնիսկ բնակեցմամբ զբաղվում է «Լեռնային Ղարաբաղը», պարզ է, որ դա իրականացվում է Հայաստանի միջոցով եւ օգնությամբ: Տարօրինակ է, որ Մինսկի խումբը, գիտենալով դա, փորձել է ազատել Հայաստանին պատասխանատվությունից», նշել է քաղաքագետը: Ըստ Մ.Ահմեդօղլուի, Մինսկի խմբի այդ դիրքորոշման տեսակետից զեկույցը չի կարելի համարել Ադրբեջանի շահերին համապատասխանող: Նշելով ՄԱԿ-ում հարցը երկրորդ անգամ բարձրացնելու կարեւորությունը, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ այդ փաստաթուղթը կհասնի քննարկման փուլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, սակայն հնարավոր վետոն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի կողմից լուրջ ուղերձ կհանդիսանա Ադրբեջանի համար: «Այսինքն ժամանակն է հասկանալու, որ ներկա ժամանակաշրջանում Մինսկի խումբը շահագրգիռ չէ հակամարտության լուծման հարցում»,-նշել է Մ.Ահմեդօղլուն` ավելացնելով, որ «Հայաստանի մարտավարությունը բանակցությունները առավելապես ձգձգելու մեջ է կայանում»:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---