ՅՈՒ.ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԿՈՄԻՏԵՆ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ԵԱՀԿ ՄԽ-ԻՆ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն նախապատրաստվում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ հանդիպմանը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների ժամանակ` նվիրված ֆաշիստների հանդեպ տարած հաղթանակի 60-ամյակին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Նա օգտակար եւ արդյունավետ է համարել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում անցկացված միջոցառումները: «Մենք լավ աշխատեցինք»,-ասել է Յու.Մերզլյակովը եւ հաղորդել, որ ներկայումս համանախագահները նախապատրաստվում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, ներկայումս դեռեւս քննարկվում են հանդիպման անցկացման տեղի եւ ժամանակի տարբերակները: «Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, Վարշավայում կամ այլ եվրոպական քաղաքում Եվրոպայի գագթնաժողովից 1-2 օր առաջ: Յու.Մերզլյակովը չի բացառում, որ Վ.Օսկանյանի հետ հանդիպումից հետո հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան հակամարտության գծով հերթական հանդիպման անցկացումը: «Իսկ նախագահների հանդիպումից հետո, ըստ ամենայնի, բանակցային գործընթացը կվերադառնա նախկին ձեւաչափին, ըստ որի բանակցությունները կընթանան երկու արտգործնախարարների հետ միաժամանակ»,-ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: Արտահայտելով իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման վերաբերյալ, Յու.Մերզլյակովը իր անհամաձայնությունն է հայտնել այն կարծիքի հետ, որ այս Կոմիտեն կարող է այլընտրանք դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Նման կոմիտեի ստեղծման մասին առաջարկը որպես խորհրդատվական կարծիք արվել էր Դեւիդ Աթկինսոնի զեկույցում: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ Կոմիտեն չի կարող փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կոմիտեի գործունեությունը հիմնականում կհիմնվի մարդու իրավունքների պահպանման վրա»: Յու.Մերզլյակովը նաեւ հաղորդել է, որ մոտ ժամանակներս համանախագահները չեն նախատեսում այցելել տարածաշրջան:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---