ԻՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգանի նահանգապետ Էբրահիմ Դերազմիսուին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհավորելով Իրանում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ` վարչապետը հույս է հայտնել, որ այսուհետ եւս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն նույն հաջողությամբ զարգանալ: Զրուցակիցները կարեւորել են, մասնավորապես, տարբեր մակարդակի փոխայցելությունների դերը երկկողմ ու բազմակողմ համագործակցության խթանման գործում, նշելով, որ դա նպաստավոր է նաեւ ամբողջ տարածաշրջանի համար: Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Իրանը կշարունակի իր որդեգրած կշռադատված եւ հավասարակշիռ քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ինչը, ըստ նրա, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւոր գործոններից է: Երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում, կողմերը գոհունակությամբ նշել են վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված դրական ցուցանիշները, ապրանքաշրջանառության ծավալների աճը: Զրուցակիցները կարեւորել են փոխգործակցությունը հատկապես էներգետիկ բնագավառում, երկուստեք ջանքերը Իրան-Հայաստան գազամուղի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, նոր էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման ուղղությամբ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են նաեւ Հայաստանի եւ Իրանի առանձին վարչական սուբյեկտների միջեւ վերջին շրջանում ակտիվացած համագործակցությունը, իսկ այս այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հորմոզգանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ, ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ: Ներկայացնելով իր ղեկավարած նահանգի տնտեսական իրավիճակն ու զարգացման հեռանկարները, Էբրահիմ Դերազմիսուն նշել է, որ նկատի ունենալով նահանգի նավահանգստային եւ բեռնափոխադրումային կարողությունները, ինչպես նաեւ հատուկ եւ ազատ տնտեսական գոտիների առկայությունը, մեծ հնարավորություններ կան փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Արարատի մարզի, այլեւ ամբողջ Հայաստանի հետ` գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ներդրումների խթանման, մշակույթի եւ այլ բնագավառներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է հնարավոր աջակցություն ցույց տալ նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---