Թուրքիայում թուրքերենով հրատարակվել է «Կապույտ գրքի» առաջին հատորը

PanARMENIAN.Net - Թուրքական «Փենջերե» հրատարակչատունը լույս է ընծայել «Կապույտ գրքի» թուրքերեն թարգմանված տարբերակի առաջին հատորը` բաղկացած 550 էջից: Կապույտ գիրքը», որի խորագիրն է «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքը 1915-1916 թթ.», Հայոց ցեղասպանության մասին վկայող կարեւորագույն գրավոր աղբյուրներից մեկն է, որի հեղինակներն են լորդ Բրայսը եւ Առնոլդ Թոյնբին: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը, գրքի թուրքերեն թարգմանության առաջին հատորում տեղ է գտել թուրք առաջադեմ գիտնական Թաներ Աքչամի հոդվածներից մեկը, որում նա «գայթակղություն» է համարում «Կապույտ գրքում» փոփոխություններ կատարելու պահանջով Թուրքիայի խորհրդարանի դիմումը բրիտանական խորհրդարանին, ինչի պատասխանատուն է համարում թուրք պատգամավոր Շյուքրյու Էլեքդաղին եւ ամերիկացի պատմաբան Ջասթին ՄակՔարթիին:



Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայում իր դեսպան Փիտեր Վեսթմաքքոթի միջոցով մերժել է «Կապույտ գիրքը» վերանայելու Թուրքիայի խորհրդարանի հարցապնդումը: «Կապույտ գիրքը» 1916 թվականի խորհրդարանական հաշվետվություն է` ձեւակերպված որպես «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում 1915-1916թթ», որը փաստացիորեն հաստատում է Հայոց ցեղասպանության սիստեմատիկ, քաղաքականապես պատճառաբանված եւ մտածված բնույթը: Իր նամակում բրիտանացի դիվանագետը պաշտոնապես պարզաբանել է, որ «Կապույտ գրքի» նախագծի նախաձեռնողը եղել է ոչ թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը, այլ խորհրդարանը: Նա ընդգծել է, որ թուրք խորհրդարանականների պնդումներին հակառակ փաստաթղթում ներկայացված առանձին անձանց զեկույցներից ոչ մեկը չի հերքվել: Բացի այդ, հեղինակների` Լորդ Բրայսի եւ հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբիի ազնվությունը չի կարող կասկածի տեղիք տալ: Եվրոպայի հայկական միությունը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցչի այս ուղերձը հաստատում է, որ երկրի կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը որպես անհերքելի եւ փաստացիորեն հաստաված փաստ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---