Հայաստանը չի հրաժարվում Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար «Եվրոատոմի» առաջարկած վարկից

PanARMENIAN.Net - Հայաստանը չի հրաժարվում 200 միլիոն եվրոյից, որը պետք է տրամադրի «Եվրոատոմը» ատոմային էլեկտրակայանի փակման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Հայաստանը բանակցություններ է վարում «Եվրոատոմի» հետ Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար վարկ տրամադրելու հարցով:



Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ, հղում կատարելով կառավարությունում առկա աղբյուրի վրա, հայտնել էին, որ «Հայաստանը հրաժարվում է 200 միլիոն եվրոյից, որը Եվրամիությունը պետք է տրամադրեր երկրում գործող միակ ատոմային ելեկտրակայանի փակման դիմաց»:



Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինաության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գուննար Վիգանդը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Եվրամիությունը պնդում է, որ Մեծամորի ատոմակայանը շուտափույթ փակվի եւ «Եվրոատոմը» պատրաստ է 200 մլն. եվրո տրամադրել հայկական ԱԷԿ-ի փակման դեպքում:



Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, Իրանը չի բացառում Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հուլիսի 20-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանցի համանախագահ Մանուչեհր Մութաքին:



Մեծամորի ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից, որոնցից առաջինը շահագործման է հանձնվել 1976 թվականին, իսկ երկրորդը` 1980 թվականին: ԱԷԿ-ը ունի հաստատված հզորություն` 815 մՎտ: 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից հետո 1989 թվականի մարտին ԽՍՀՄ հատուկ որոշմամբ կայանի աշխատանքը դադարեցվել է, իսկ 1995 թվականի նոյեմբերի 5-ին, վեց-ամյա կոնսերվացիայից հետո, ՀԱԷԿ-ը վերաբացվել է: Այդ փաստը նմանօրինակ չունի ատոմային էներգետիկայի համաշախարհային պատմության մեջ: Այսօր ՀԱԷԿ-ը տարեկան 2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---