Human Rights Watch. ԱՄՆ-ն պետք է մշակի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության կոնկրետ չափանիշներ

PanARMENIAN.Net - Փետրվարին-մարտին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն քաղաքական ճգնաժամ առաջացրին, այլ նաեւ լուրջ ճգնաժամ առաջացրեցին մարդու իրավունքների ոլորտում, ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության երկկուսակցական հանձնաժողովի (Հելսինկիի հանձնաժողով) նիստում «Հայաստանն ընտրություններից հետո» լսումների ընթացքում հայտարարել է Human Rights Watch կազմակերպության Կովկասի գծով փորձագետ Գեորգի Գոգիան: Նրա խոսքերով, այն, թե ինչպես Հայաստանի իշխանությունները դուրս կգան այս ճգնաժամից, յուրատեսակ քննություն կլինի, որը ցույց կտա, թե որքան արդյունավետ են գործում երկրում ժողովրդավարական ինստիտուտները եւ ինչպես է Հայաստանը կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, դա լավ հնարավորություն կլինի ԱՄՆ-ի համար ներգրավվել Հայաստանի պատմության մեջ ամենալուրջ իրավական ճգնաժամի հաղթահարման գործընթացի մեջ:



Ինչպես նշել է Գոգիան, ԱՄՆ-ն պետք է մշակի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության կոնկրետ չափանիշներ: Այդ չափանիշներն, ըստ նրա, պետք է ներառեն մարտի 1-ի առավոտյան եւ այդ օրվա ընթացքում ոստիկանության կողմից ուժի կիրառման հանգամանքների լիարժեք հետաքննությունը: Ընդ որում հարկավոր է երաշխավորել, որ այդ հետաքննությունը կանցկացվի միջազգային չափանիշներին համաձայն եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ ու աջակցությամբ: Հետաքննությունը պետք է անկախ լինի եւ պետք է օգնի վերականգնել հասարակական վստահությունը: Բացի այդ, պետք է դադարեցվեն ձերբակալությունները, եւ բոլոր հարուցված քրեական գործերը պետք է մանրակրկիտ կերպով հետաքննվեն: Նույն կերպ պետք է հետաքննվեն ձերբակալության ժամանակ եւ դրանից հետո անպատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները, եւ պետք է ազատվեն նրանք, ով մեղադրվում է ապօրինի ցույցերին մասնակցելու մեջ: Պետք է չեղյալ հայտարարվեն հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքում կատարված բոլոր ուղղումները, իսկ ուղղումները կատարվեն մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային եւ միջազգային օրենքներին համաձայն: Հայաստանը պետք է հետեւի Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներին: Բացի այդ պետք է դադարեցվեն ընդդիմադիրների հետապնդումներն ու ճնշումները, ներառյալ ձերբակալությունները, կրկնվող հարցաքննությունները եւ հարկադրումը որպես քաղաքական ճնշման գործիք:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---