Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը մարտի 4-ին կդրվի քվեարկության ԱՄՆ կոնգրեսում

PanARMENIAN.Net -
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանը մարտի 4-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANKA) PanARMENIAN.Net -ին տրամադրված հաղորդագրության մեջ:



«Մենք շնորհակալ ենք Հովարդ Բերմանին այն բանի համար, որ նա Թուրքիային հստակ ուղերձ է հղվել, առ այն, որ ԱՄՆ Կոնգրեսը չի միանա Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ջանքերին», - ասել է ANKA-ի նախագահ Քեն Խաչիկյանը կոմիտեի նախագահի հետ հանդիպումից հետո: Ինչպես նշել է Քեն Խաչիկյանը, ANKA-ն անհամբեր սպասում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ կոմիտեի նախագահի եւ կոնգրեսականների հետ աշխատանքին:



Խաչիկյանը խորհրդատվություններ է անցկացրել բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆֆի, ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալլոունի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ Բրեդ Շերմանի եւ Էդ Ռոյսի հետ:



Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:





2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:



Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA ԱՄՆ հայ համայնքի խոշորագույն եւ առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Գործելով ԱՄՆ-ի ողջ տարածքում եւ համագործակցելով աշխարհի մյուս Հայ դատի հանձնախմբերի հետ, այն ակտիվորեն առաջ է մղում Ամերիկայի հայ համայնքի շահերը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ANCA-ն Առաջին աշխարհամարտից հետո Վահան Քարդաշյանի հիմնադրած Անկախ Հայաստանի ամերիկյան կոմիտեի (ACIA) իրավահաջորդն է: Քարդաշյանը Վաշինգտոնում Օսմանյան կայսրության հյուպատոսն է եղել: ACIA -ն ուներ 23 շրջանային գրասենյակներ ԱՄՆ-ի 13 նահանգներում: ANCA-ի ղեկավարն է Քեննեթ Խաչիկյանը, գործադիր տնօրենն է` Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---