Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չխարխլի թուրք-բուլղարական հարաբերությունները

PanARMENIAN.Net -
Բուլղարիայի խորհրդարանը հավանություն չտվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին: Ինչպես գրում է թուրքական Zaman թերթը, ԱՏԱԿԱ կուսակցությունը խորհրդարանական հանձնաժողովում Թուրքիային առնչվող երեք առաջարկ ներկայացրեց: Կուսակցությունը Բուլղարիայի խորհրդարանին կոչ արեց Անկարայից նյութական հատուցում պահանջել Թրակիայից տեղահան արված բուլղարացիների համար, 1396-1913թթ. իրադարձությունները բուլղարական ժողովրդի հանդեպ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանություն անվանել եւ ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը:



Խորհրդարանը մերժեց բոլոր երեք առաջարկները` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ թուրք-բուլղարական հարաբերությունների համար:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:



ԱՏԱԿԱ կուսակցությունը Բուլղարիայի քաղաքական կուսակցություն է, որը ստեղծվել է 2005 թվականին Սոֆիայում: Որպես քաղաքական սկզբունքներ կուսակցությունն առաջադրել է սահմանադրության կտրուկ փոփոխությունների եւ շտկումների պահանջով 20 կետեր, մասնավորապես` ուղղափառ եկեղեցու ճանաչումը պաշտոնական կրոն եւ Բուլղարիայի ելքը ՆԱՏՕ-ից: ԱՏԱԿԱ-ն հանդես է գալիս նաեւ Եվրոպական միությունում Բուլղարիայի անդամակցության դեմ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---