Ահմետ Դավութօղլու. Անկարան վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու հարցում

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նշանակում է նաեւ հայ-թուրքական առեւտրական կապերի կարգավորում, ինչը Կովկասը կվերածի խաղաղության ու բարեկեցության տարածաշրջանի: Այդ մասին Մյունխենում հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն: Նա ընդգծեց, որ այդ գործընթացում «վերելքներ եւ անկումներ», ինչպես նաեւ որոշակի դժվարություններ կլինեն:



«Մենք գործընթացի հենց սկզբից գիտեինք, որ գործընթացը կարող էր այդ ուղղությամբ գնալ: Այդ հարցի առնչությամբ մեր անհանգստությունն ու մտավախություններն ակնհայտ են: Մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշումից հետո ստեղծված իրադրությունը բացեիբաց քննարկում ենք բոլոր շահագրգռված կողմերի հետ: Մենք հուսով ենք, որ գործընթացը կշարունակվի, այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում, եւ որ, վերջիվերջո, մենք խաղաղություն ու կայունություն կհաստատենք տարածաշրջանում, ինչը բարիք կբերի հայ եւ թուրք, ինչպես նաեւ Ադրբեջանի ժողովուրդներին»,- ասաց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Նրա խոսքով, Անկարան երբեք չի դադարեցնի այդ ուղղությամբ իր ջանքերը եւ վճռական է այդ գործընթացն ավելի վաղ սահմանված սկզբունքներին համապատասխան առաջ տանելու հարցում: Ինչպես նշեց Թուրքիայի վարչապետը, Մյունխենում ինքը Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Կալմի Ռեյի եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյբերգի հետ քննարկել է հայ-թուրքական գործընթացի հարցերը: «Ջեյմս Ստեյբերգի հետ մենք կարծիքներ փոխանակեցինք հայ-թուրքական գործընթացի առնչությամբ, ինչպես նաեւ անդրադարձանք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայկական բանաձեւի հարցին ու իրադրությանը Կովկասում եւ Բալկաններում»,- ասաց Ահմետ Դավութօղլուն:



Ահմետ Դավութօղլուն հաղորդեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուրջ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն: «2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը:



Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:



Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---