Պայմանագրով հաստատվեցին Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության անկումը և ամրապնդելով Թուրքիայի տարածքը նրա ներկայս սահմաններում: Թուրքիան պահպանեց Արևելյան Թրակիան, Իզմիրը և այլ տարածքներ, որոնցից զրկվել էր 1920թ Սևրի պայմանագրով: Միևնույն ժամանակ Թուրքիան հրաժարվեց Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Տրիպոլիտանիայի, Կիրենաիկայի, Մեսոպոտամիայի, Պաղեստինի, Լիբիայի և Սիրիայի, Էգեյան ծովի կղզիների նկատմամաբ հավակնություններից և կորցրեց դրանց նկատմամբ վերահսկողությունը: Իրաքի հետ սահմանի որոշման հարցը, համապատասխանաբար Մոսուլ նավթային շրջանի նկատմամբ վերահսկողությունը, հետաձգվեց` մինչ այդ հարցը կորոշվեր Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ համաձայնության չգալու դեպքում, հարցը կտեղափոխվեր Ազգերի Լիգա: Մոսուլն, ինչպես հայտնի է, դարձել է Իրաքի նահանգ, ինչին անմիջականորեն մասնակցել է հանրահայտ Լոուրենս Արաբացին:
Ըստ պայմանագրի, «Հունաստանը պարտավորվում էր փոխհատուցել այն վնասը, որը Անատոլիային պատճառվել էր հելլենական բանակի և վարչակազմի կողմից»: Մյուս կողմից, Թուրքիան, հաշվի առնելով Հունաստանի դիրքը, հրաժարվեց փոխհատուցման վերաբերյալ բոլոր հավակնություններից: Եվ դա այն ամենից հետո, երբ թուրքական զորքերն իսկական կոտորած կազմակերպեցին Զմյուռնիայում (ներկայիս Իզմիր)` հույներին վերջնականապես քշելով Փոքր Ասիայից: Իսկապես, Անտանտին շատ էր պետք նոր Թուրքիան, որպեսզի այդ կերպ քրիստոնյա ազգերին հանձներ Օսմանյան կայսրությանը: Թուրքիան նաև հասավ նրան, որ Անտանտը հրաժարվեց Հայոց ազգային օջախի ստեղծման գաղափարից: Պայմանագրի տեքստում բացակայում էր նաև քրդերի ինքնորոշման պահանջի վերաբերյալ դրույթը: Էթնիկ հույները վերաբնակեցման շղարշի ներքո դուրս էին վռնդվում Թուրքիայի ողջ տարածքից, բացի Կաստանդնուպոլսից:
1923թ օգոստոսի 23-ին Թուրքիան վավերացրեց պայմանագիրը. 1924թ օգոստոսի 6-ին նունն արեցին պայմանգրի մյուս բոլոր մասնակից կողմերը` բացառությամբ սերբերի, խորվաթների և սլովենացիների Թագավորության` կապված պարտքի մի մասն իրեն վերագրելու հետ:
Սա պատմություն է: Լոզանի պայմանգիրն իսկապես չեղյալ համարեց Սևրի պայմանագիրը, որին այնքան սիրում են մեջբերել հայ պատմաբաններն ու հրապարակախոսները` չգիտես ինչու մոռանալով իրավական ասպեկտի մասին. հին պայմանագիրը կորցնում է իր ուժը, եթե դրա փոխարեն ստորագրվում է նորը: Առավել ևս, որ նոր պայմանագրի տեքստում Սևրի պայմանագիրը կեղծ է համարվում: Այնուամենայնիվ, համառորեն, հայերը տարեց տարի պահանջում են կյանքի կոչել Սևրի պայմանագիրը, սակայն ապարդյուն: Միշտ էլ դժվար է համակերպվել նրա հետ, որ այս աշխարհի ուժեղները` սկսած Առաջին համաշխարհային պատերազմից, հայերին զոհաբերել են հանուն իրենց շահերի: Սակայն էլ ավելի բարդ է իրավիճակը ի նպաստ սեփական շահերի փոխելը: Անիմաստ է խոսել իրավունքի և նմանատիպ բարձր գաղափարների մասին, ինչպես և անիմաստ է պահանջել Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչում: Անկարան երբեք չի խոստովանի, որ Թուրքիան կառուցված է հայերի, հուների և ասորիների ոսորկորների վրա: Այն օրը, երբ Թուրքիան կհաղթահարի ինքն իրեն և իր մեղավորության մասին կհայտարարի ի լուր աշխարհի, կդադարի գոյություն ունենալուց:
Հենց այդ պատճառով թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ «Լոզանի պայմանագիրը, պահպանելով մեր ազգային արժանապատվությունը, հիմք դրեց ժամանակակից Թուրքիային: Եվ այսօր մեր երկիրը վստահորեն շարունակում է առաջ շարժվել` փորձելով հասնել ժամանակակից քաղաքակրթությունների մակարդակին և փոխզիջումների չգնալով այնպիսի հարցերում, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունն ու մեր պետության անկախությունը»:
Ճիշտ է, Լոզանի պայմանագրով Թուրքիան ստիպված եղավ պահպանել մնացած ազգային փոքրամասնությունների իրավունքները` մշակույթի, լեզվի և ավանդույթների պահպանման տեսակետից: Սակայն այդ ամենը մնաց միայն թղթի վրա. հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը չէր ճանաչում երկրում որևէ այլ ազգ` բոլորը միայն թուրքեր էին: Սկսվել էր զագային փոքրամասնությունների կենցաղում թուրքերեին սերմանումը` «Քաղաքացի, խոսիր թուրքերեն» կարգախոսով: Ինքը Աթաթյուրքը միշտ կրկնում էր. «Որքան երջանիկ է նա, ով ասում է` «ես թուրք եմ»: Նրա այս խոսքերը միչև օրս գրված են Թուրքիայում` ցանկացած վայրում: Աթաթյուրքի խոսքերն անգամ գրված են լեռնալանջերին: Այս ամենը հնարավոր դարձավ հենց Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրման արդյունքում: