Կինոարագածը Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան ու Հրաչ Պողոսյան ճարտարապետական եռյակի առաջին գործերից է: Այն ստանդարտ նախագծով կառուցված շինություն է, որի նմանությամբ ավելի ուշ կառուցվեցին «Կոմիտասն» ու «Անին»:
Կինոթատրոն, որտեղ Շիրազը, Վահրամ Փափազյանն ու Ֆրունզե Դովլաթյանը մշտական հյուրեր էին: Կինոթատրոն, որտեղ Փարաջանովը 18-րդ անգամ դիտեց «Շերբուրգյան հովանոցները»:
Այս անգամ այն ամենն, ինչ մեզ պատմել են կինոթատրոնի 30 տարվա տնօրեն Հրաչյա Մխիթարյանն ու կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Հրաչյա Մխիթարյան. «Արագած» կինոթատրոնի տնօրեն (1961-1991 թթ)
Ես «Հրազդան» կինոթատրոնում էի աշխատում, երբ սկսվեց «Արագածի» շինարարությունը: Ինձ նշանակեցին «Արագած» կինոթատրոնի կառուցման աշխատանքների ղեկավար:
Հետևել եմ շինարարության ողջ ընթացքին` ուսումնասիրելով` որտեղ ինչ են կառուցում, որ խողովակը որտեղ է, օդափոխությունը, ջեռուցումն ինչպես է կազմակերպվում, որ հետո ամեն ինչ իմանամ և իմ աշխատանքում թերացումներ չլինեն: Աշխատակազմին էլ եմ ես ընտրել. հիմնականում Աջափնյակի բնակիիչներ էին ` 37 հոգի` 6-7 մեխանիկ, հսկիչներ, գանձապահներ, նկարիչ:
1961 թվականի դեկտեմբերի 21 ին՝ Ստալինի ծննդյան օրը, բացեցինք կինոթատրոնը: Ցուցադրեցինք Ֆրունզե Դովլաթյանի «Առավոտյան գնացքներ» ֆիլմը, որը նրա դիպլոմային աշխատանքն էր: Դրանից մոտ 20 օր առաջ բոլոր թերթերով հայտարարություն էի տվել (այդ ժամանակ գումար չունեինք, բայց տպագրում էին անշահախնդիր):
Ֆրունզիկը Երևանում էր, կանչեցի, շատ լավ ցերեկույթ արեցինք, մի քանի սեանսից առաջ ելույթ ունեցավ, ու այդպես բացեցինք Արագածը, և ես աշխատեցի այնտեղ ուղիղ 30 տարի՝ մինչև 1991 թվականի մարտը:
Աջափնյակը ոնց որ քաղաք-հյուրանոց լիներ` առավոտյան դատարկվում էր, երեկոյան մարդիկ վերադառնում էին:
Սկզբնական շրջանում ցերեկային սեանսներին դահլիճը դատարկ էր: Գլախո Զաքարյան անունով երգիչ կար (Վրաստանում էր ապրում), ով Սայաթ-Նովայի երգերի լավագույն կատարողներից էր: Գլախոյին հրավիրեցի, ու նա սկսեց սեանսներից առաջ 10 րոպեանոց ելույթներ ունենալ: Ժողովուրդը կամաց-կամաց կապվեց կինոթատրոնին:
Պլանները միշտ գերակատարում էինք: 3 անգամ Մոսկվայից պատվոգիր ենք ստացել: Միութենական կինոմատոգրաֆիայի «գերազանցիկն» էինք, ես ամենաստաժավորն էի կինոթատրոնների տնօրեններից և միշտ հրավիրվում էի Մոսկվա՝ ժողովների, երբեմն փոքր ելույթներ էի ունենում:
Մինչ ֆիլմը «տեղ կհասներ», մենք արդեն մեկ ամիս առաջ ստանում էինք տեքստեր, որոնք տալիս էինք մամուլին, տպագրվում էր, և մարդիկ իմանում էին` ինչի մասին է լինելու ֆիլմը, ով է գլխավոր դերակատարը:
Ես շատ տպավորված եմ մի ֆիլմով, որը բալետ պարող մի ռուս աղջկա մասին էր` «Աննա Պավլովա»-ն… Չտեսնված գեղեցիկ կինո էր:
Հաճախ էինք հրավիրում արվեստագետների, գրողների՝ սենասներից առաջ ելույթ ունենալու:
Շիրազի ելույթներն եմ հիշում. միշտ ասում էի ՝ 10 րոպեից ավելի չխոսես, որովհետև մյուս սեանսի ժամն էր խախտվում, բայց ամեն անգամ մի կերպ էի համոզում ավարտել խոսքը, քաշում էի բաճկոնից, որ էլ չշարունակի:
«Շերբուրգյան հովանոցներն» էինք ցուցադրում, երբ կինոթատրոն եկավ Փարաջանովը: Եկավ ու թե. «Դիրեկոտոր ջան, ի՞նչ ունես»:
Ամեն ինչ էլ կար: Ցույց տվեցի սեղանը, ասաց` չէ, ուրիշ ի՞նչ ունես, ասացի՝ ի՞նչ կուզես…«Քաղցր խոսք». պատասխանեց:
Մեկ էլ, թե քանի՞ անգամ ես նայել «Շերբուրգյան հովանոցներնը»: Ասացի՝ 5:
«17 անգամ նայել եմ, սա 18 -րդն է»,-պատասխանեց ծիծաղելով:
Իսկ Վահրամ Փափազյանը, որ կինո էր գալիս, միշտ վերջում էր նստում ու խնդրում էր` կողքի աթոռի տոմսը չվաճառենք: Նստում էր, գլխարկն էլ դնում կողքի աթոռին: Մի անգամ նրան հարցրի այդ սովորության պատճառը, ասաց, որ հակառակ դեպքում կողքը կանայք են նստում, շատ են խոսում:
«Արագածը» աննկարագրելի սիրված էր երեխաների կողմից: Գալիս էին, հերթ կանգնում` հաճախ առանց տոմսի: Երբ այցելուներից վերջինն էր ներս մտնում, հետո իրենց թողնում էինք, ու զգուշացնում էի` ստուգողները որ գան, ասեք` տնօրենն է թույլ տվել:
Մի օր էլ մի տեղ նստած հաց էինք ուտում ընկերներով, մեր սեղանին գինի ու միրգ բերեցին ու ասացին, որ «Արագած» կինոթատրոնի տնօրենին են փոխանցել այն տղաները, ովքեր երեխա ժամանակ անվճար կինո են նայել:
1985 թվականին պաշտոնական տվյալներով 15 միլիոն մարդ ենք սպասարկել. աշխատում էինք օրնիբուն:
Մի չարաբաստիկ դեպքի պատճառով ինձ զրկեցին իմ սիրած աշխատանքից:
Միակ պատճառն այն էր, որ ՀՀՇ-ից եկան և ասացին` Աջափնյակի բնակիչների համար ժողովներ պիտի անենք, ես էլ ասացի` կինոն վճարովի է, վճարեք և ժողովրդից ներողություն խնդրենք մի սեանս բաց թողնելու համար, իսկ դուք արեք ձեր ժողովները:
Գնացին մինիստրին պատմեցին:
Կանչեցին, ու, քանի որ երկարամյա աշխատող էի, չուզեցին ասել գնացեք տուն. նշանակեցին «Ռոսիայի» փոխտնօրեն, տեղափոխվեցի:
Մի երիտասարդ աղջիկ էր տնօրենը. նա ինձ դժկամությամբ ընդունեց: Կարճ ժամանակ անց այդ աղջիկը գնաց Մոսկվա ու չեկավ: Մի տարի կամ մի քիչ ավել էլ այնտեղ աշխատեցի ու հետո դուրս եկա:
Իմ ամբողջ կյանքն անցավ կինոյում. մի ուրիշ աշխարհ էր: Հաճախ կինոթատրոնի աշխատողներն իրար հետ կատակում էին, թե կինոն սիրուհի է, որ կապվեցիր, կապվում ես ողջ կյանքում:
Դավիթ Մուրադյան. Կինոգետ
Այս կինոթատրոնի պատմությունն իրականում Աջափնյակ թաղամասի պատմությունն է, որովհետև կինոթատրոնը թաղամասի հետ ծնվեց:
Նրանք, ովքեր նոր էին բնակարան ստացել այդ թաղամասում, հիմնականում Կենտրոնից էին:
Այդ տարիների քաղաքաշինության մեջ կար «սոցիալական պլանավորում» կոչվածը, որի նպատակը թաղամասը դեղատնով, պոլիկլինիկայով, մթերային խանութուվ, և, իհարկե, մշակութային օջախով ապահովելն էր…Աջափնյակում այդ օջախը «Արագածն» էր:
Հենց այդ կինոթատրոնն էլ դարձավ թաղի հավաքատեղին. գալիս էին հիմնականում պատանիներ, երիտասարդներ և ընտանիքներ: Երևանում սովորություն կար՝ տնով-տեղով վեր կենալ, գնալ կինո: Բոլորը չէ, որ ամեն օր կգնային, ասենք, Սունդուկյանի անվան թատրոն, բայց կինո ամեն օր էլ կարելի էր:
Կինոն շատ առավելություններ ուներ: Հեռուստացույցների մեծ մասը սև-սպիտակ էր, կինոն` գունավոր: Կար «լայնէկրան ֆիլմ» հասկացությունը. հեռուստատեսությամբ կադրը աջից -ձախից մնում էր կիսատ: Դե արի ու «Սպարտակը» նայի այդ ձևով:
«Արագածը» շատ չէր տարբերվում այդ ժամանակվա թաղային մյուս կինոթատրոններից, որոնց նպատակը մշակութային սնունդ տալն էր, նաև ժամանց ապահովելը, իսկ այդ ընթացքում ձևավորվում էր հանդիսատեսը:
Ինչպես Երևանի բոլոր կինոթատրոններում, «Արագած»-ում ևս հիմնականում երեկոյան ժամերին հերթեր էին գոյանում, և, եթե բերում էին որևէ նոր ու ուշադրության կենտրոնում հայտնված ֆիլմ (ասենք` Լուի դե Ֆյունեսի մասնակցությամբ կամ Ժան Մարեի), հերթերն ավելի էին խտանում` երբեմն բախումներով, աղմուկ-աղաղակով:
Այդ ժամանակ գալիս էր «Արագածի» անփոխարինելի տնօրեն Հրաչյա Մխիթարյանը, փորձում էր կարգի բերել հերթը, զսպել նամանավանդ թաղի եռանդուն տղաների կրքերը:
Եվ, իհարկե, նախքան ֆիլմը, միշտ ցուցադրում էին «Ժուռնալը»: Դա ինֆորմացիոն տեսաշար էր՝ օրվա նորություններով: Նկարահանում էին Մոսկվայում ու տարածում ողջ երկրով, որպեսզի մենք նախքան 3 հրացանակիրներին տեսնելը, մի քիչ Բրեժնևին տեսնեինք, տեսնեինք` ինչպես են խոպանում ցորեն հավաքում, ինչպես են որևէ տեղ մարզադաշտ կառուցում, ինչպես է սովետական ժողովուրդը հանգստանում Ղրիմի ծովափին:
«Ժուռնալի» ընթացքում գնում-գալիս էին, ուշացածներն իրենց տեղերն էին փնտրում, աղմուկ-աղաղակ, աթոռները շրխկում էին, որովհետև մեծ հաշվով դա որևէ մեկին չէր հետաքրքում, ու բոլորը սպասում էին ֆիլմին:
Երբեմն-երրբեմն հայտնվում էին ֆիլմեր, որոնք տարբերվում էին սովորաբար ցուցադրվող ֆիլմերից: Այդ տարիքում շատ կարևոր էր այդ ֆիլմերի հետ շփումը, որովհետև հանկարծ մեկ ուրիշ տարածություն էր բացվում և ուրիշ հասկացություն այն մասին, թե ինչ կարող է անել կինոն մարդու հոգու հետ:
Երբ ես պատանի էի, «Արագած»-ում ցուցադրվեց «Ուժասպառ ձիերին սպանում են» ֆիլմը:
Այն ֆիլմերից էր, որ 15-16 տարեկանում նայում ես ու հոգեպես հասուն ես դուրս գալիս կինոթատրոնից:
Պետք է ասեմ, որ «Արագածը» մեծ դեր խաղաց անընդհատ մեծացող այդ թաղամասի կյանքում. պատանիները դեռահասությունից դեպի երիտասարդություն անցան այդ կինոթատրոնով: Կինոն նրանց անձը այս կամ այն կերպ ձևավորելու ճանապարհ էր:
Ես չեմ կարծում, որ ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են` այդ բոլոր կինոթատրոնները պետք է նորից գործեն: Չի լինի այդպես :
Ընդհանրապես, անցյալը չի վերադառնում, իսկ եթե վերադառնում է, ուրվականի տեսքով միայն, իսկ ուրվականներին ոգեկոչել չարժի:
Չեմ կարծում, որ Երևանում հնարավոր է նույնությամբ վերականգնել այդ համակարգը, որովհետև յուրաքանչյուր համակարգ ապրում է տվյալ սոցիալ-հասարակական իրողությունների տրամաբանության մեջ:
Ժամանակի հետ կինոթատրոնների վերափոխման խնդիր կար: Այլ բան է, եթե դրանք սովորական կինոթատրոնից վերածվեին այդ թաղամասի մշակութային կենտրոնի:
Կինոն լույսի արվեստ է. որտեղ կա լույս, այնտեղ կա կինո` բառի ֆիզիկական ու փիլիսոփայական իմաստով, և քանի որ չկար էլեկտրականություն, կինոթատրոնները փակվեցին: Դրանք այնպիսի ժամանակներ էին, որ առաջնային միտքն ու գործողությունը «հացիվ»-ն էր:
Կյանքն ամեն ինչ իր տեղն է գցում: Եթե Աջափնյակում կար այդ մշակութային, երիտասարդական կենտրոնի կարիքը, ապա այսօր այդ բացը լրացնում է Թումոն` իրականացնելով մշակութային, այժմեական գործառույթ, իսկ «Արագած» կինոթատրոնին պետք է պարզապես շնորհակալություն հայտնել:
Մավրը կատարեց իր գործը և Մավրը հեռացավ:
Կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ մի կարճ շրջան «Արագած»-ում մթերք էին վաճառում, հետո այն վերածվեց խաղասրահի:
Այժմ կինոթատրոնը ավտոմեքենաների վաճառասրահ է: