Այդ արքայատոհմի մետաղադրամները մեզ հայտնի չեն. գիտնականները գտնում են, որ նրանք դրամ չեն հատել: Նշենք, որ անտիկ աշխարհում դրամահատում չէր կարող իրականացնել ցանկացած տիրակալ: Միայն ուժեղ և լիովին անկախ պետոիթյան գահակալը կարող էր թողարկել իր դրամները: Հավանաբար, Արշակունիների արքայատոհմի տիրակալները, որոշ չափով կախված լինելով պարթևներից, դրամ հատելու իրավունք չեն ունեցել:
Հետաքրքրական է, որ մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները: Նշենք, որ անտիկ դարաշրջանում որոշ քաղաքներ թողարկում էին տեղական քաղաքային դրամներ: Որպես կանոն, դրանք պղնձե դրամներ էին ու հատվում էին տեղի կարիքների համար և շրջանառվում միայն քաղաքի տարածքում: Նման դրամահատումների թվին են պատկանում նաև Արտաշատի պղնձե մետաղադրամների թողարկումները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:
Մետաղադրամների նկարագրությունը
Արտաշատի քաղաքային դրամների վրա պատկերված էին դիցաբանական պատկերներ՝ քաղաքի պահապան դիցուհի Տիխեն բրգաձև թագով, Նիկե աստվածուհին, արմավենու ճյուղ և այլն: Մակագրությունները մետաղադրամների վրա հունարեն էին՝ նշված էր մայրաքաղաք Արտաշատի անվանումը:
Մետաղադրամների շրջանառությունն այդ շրջանում ապահովվում էր հիմնականում Պարթևական թագավորության ու Հռոմեական կայսրության, ինչպես նաև հարևան երկրների մետաղադրամներով, այդ թվում Կապադովկիայի և այլն:
Այդ շրջանի պարթևական մետաղադրամները արծաթե դրախմաներ և տետրադրախմաներ էին, ինչպես նաև պղնձե խալկոսներ:
Մետաղադրամների նկարագրությունը
Պարթևական մետաղադրամները ձևավորված են հելլենիստական ոճով: Դիմերեսին պատկերված է թագավորի կիսադեմը, դարձերեսին՝ աղեղոր նստած մարդու պատկեր և նշված է հունարեն մակագրություն թագավորի տիտողի վերաբերյալ: Այն հանգամանքը, որ դրամին նշված չէ տիրակալի անունը բնորոշ չէ հելլենիստական շրջանի մետաղադրամներին: Այդ պատճառով էլ, մինչ օրս պարթևական մետաղադրամների որոշ տիպեր մասնագետների և հետազոտողների կողմից վերագրվում են տարբեր գահակալների:
Շրջանառվող հռոմեական մետաղադրամները հատվում էին ոսկուց, արծաթից ու պղնձից: Հռոմեական կայսրությունում ոսկե մետաղադրամը կոչվում էր աուրեուս, դրա շրջանառությունը սահմանափակ էր: Հիմնական մետաղադրամները, որոնք լայն շրջանառություն ունեին նաև հայկական շուկաներում արծաթե դենարիուսն ու կվինարիուսն էին, ինչպես նաև տարբեր արժենիշերի պղնձե մետաղադրամները՝ սեստերցի, դուպոնդիուս, աս, սեմիս, կվադրանս:
Մետաղադրամների նկարագրությունը
Հռոմեական կայրսության մետաղադրամների դիմերեսին կայսրի դիմապատկերն էր: Դարձերեսի պատկերները կարող էին տարբեր լինել՝ կենդանիների, զինվորների, զրահի, ռազմական խորհրդանիշերի, դիցաբանական բնույթի պատկերներ և այլն:
(1) - Կայսր Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դինարի դիմերեսը
(2) – Կայսր Փիլիպոս Առաջինի արծաթե մետաղադրամի դիմերեսը
Հայտնի է Հայաստանին նվիրված հռոմեական մետաղադրամների մի մեծ խումբ: Այս մետաղադրամների թողարկումները պետք է մեծարեին ու գովաբանեին կայսրի հաղթանակները և նվաճումները: Պահպանվել է Մարկոս Ավրելիոսի և Լուկիոս Վերոսի (մոտ. 160 թվական, II դար) շատ հետաքրքիր մի արծաթե մետաղադրամ: Մետաղադրամի վրա Հայաստանը պատկերված է խոնարհված կնոջ ուրվագծի տեսքով, ներքևում լատինատառ գրություն է՝ «Արմեն», այսինքն՝ Հայաստան:
(3) – Կայսր Դիոկղետիանոսի պղնձե սեմիսի դարձերեսը
(4) – Կայսրեր Մարկոս Ավրելիոսի և Լուկիոս Վերոսի համատեղ հատված արծաթե դինարի դարձերեսը
IV դարի սկզբում Հռոմեական կայսրությունը բաժանվեց Արևմտյանի և Արևելյանի մասերի: V դարի կեսին Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ, երբ Հռոմը զավթեցին բարբարոսները, իսկ Արևելյանը վերածվեց Բյուզանդական կայսրության:
Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանում Արշակունիների արքայատոհմն անկում ապրեց: Հայաստանը կորցրեց իր անկախությունը և մինչև VII դարի կեսը Սասանյանների տիրապետության տակ էր: Արշակունիների արքայատոհմի գահակալության շրջանը Հայաստանի համար նշանավորվեց մեծագույն հոգևոր արժեքների ձեռքբերմամբ՝ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն ու ստեղծվեցին հայոց գրերը: Այդ շրջանում զարգացան արհեստները, ճարտարապետությունը, հիմնվեցին առաջին հայկական դպրոցներն ու զարգացան դրամահատման տեղական ավանդույթները:
Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ