Թղթադրամների նկարագրությունը
Ռուսաստանի կայսրերի թղթադրամները շատ բազմազան էին՝ դրանք և պետական թղթադրամներ էին, պետական բանկատոմսեր, գանձապետական տոմսեր, գանձապետական թղթե դրամանիշեր, գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր և այլն: Թղթադրամների վաղ շրջանի թողարկումներում կան համապատասխան մակագրություններ: Ավելի ուշ շրջանի թողարկումներում հայտնվում են բազմապիսի պատկերներ, այդ թվում Ռուսական կայսրության կայսրերի ու կայսրուհիների դիմանկարները, փոխաբերական իմաստ ունեցող պատկերներ, զարդանախշեր:
1910 թվականի 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
Մետաղադրամների նկարագրությունը
Թղթադրամների թողարկումների հետ մեկտեղ լայն շրջանառության մեջ էին նաև մետաղադրամները: Շրջանառվում էին ոսկե, արծաթե, պղնձե մետաղադրամներ, ավելի ուշ շրջանում նաև բիլոնային (արծաթի ցածր պարունակությամբ) մետաղադրամներ:Որպես կանոն մետաղադրամների վրա պատկերված են Ռուսական կայսրության զինանշանը, տիրակալի անվանագիրը, իսկ խոշոր անվանական արժեք ունեցող թղթադրամների վրա առկա էին նաև թագավորների դիմանկարները:
1828-1845 թվականներին առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում Ռուսաստանում թողարկվել են պլատինե մետաղադրամներ 3, 6 և 12 ռուբլի անվանական արժեքով: Դրամական բարեփոխումների արդյունքում ոսկու մոնոմետաղայնության վրա հիմնված դրամային և մետաղադրամային համակարգերը օպտիմալացվեցին և իրենց ժամանակի համար համարվում էին ամենաառաջադեմներից մեկն աշխարհում: Արծաթե թողարկումներից հետաքրքիր են 1 ռուբլի և 1,5 ռուբլի անվանական արժեքով հուշադրամները, ինչպես նաև հոբելյանական մետաղադրամները, որոնց թողարկումները կապված են ռուսական պատմության կարևորագույն իրադարձությունների հետ:
Պղնձե մետաղադրամներն ունեին 1/4, 1/2, 1, 2, 3 և 5 կոպեկ անվանական արժեք, բիլոնայինները՝ 5, 10, 15 և 20 կոպեկ, արծաթե մետաղադրամները՝ 25, 50 կոպեկ և 1, 1,5 ռուբլի, ոսիկները՝ 3 ռուբլի, 5 ռուբլի, 7 ռուբլի 50 կոպեկ, 10 ռուբլի և 15 ռուբլի անվանական արժեք:
Ռուսական կայսրության պղնձե մետաղադրամների դարձերեսը
Ռուսական կայսրության բիլոնային մետաղադրամների դարձերեսը
Նիկոլայ Երկրորդի արծաթե մետաղադրամի դիմերեսը
Հետաքրքիր են Ռուսական կայսրության դոնատիվ (նվիրատվական) թողարկումները: Դրանք անսովոր ոսկե թողարկումներ են 25 ռուբլի, 37 ռուբլի 50 կոպեկ անվանական արժեքով, որոնք թողարկվել են սահմանափակ քանակով:
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում շրջանառության մեջ մտան Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության թողարկումները: Մետաղադրամներ այդ շրջանում չեն թողարկվել: Շրջանառության մեջ էին միայն թղթե դրամանիշերը, որոնք ժողովուրդն անվանում էր «դումկաներ» և «կերենկաներ»:
Ռուսաստանի ժամանակավոր կառավարության «կերենկաները»
Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ