Ծանոթանալով ժամանակացույցին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք հնարավոր կլինի դիտել հունիսին երևանյան կինոթատրոններում:
«Լոնդոնյան արձակուրդներ» (օրիգինալ անվանումը` A Royal Night Out)
Կատակերգություն, Մեծ Բրիտանիա, 2015 թ.
Ռեժիսոր` Ջուլիա Ջարոլդ
Դերերում` Սարա Գադոն, Ռուպեր Էվերեթ, Էմիլի Ուոթսոն, Ջեք Ռեյնոր
Պրեմիերան Երևանում հունիսի 4-ին
1945 թ. Եվրոպայում Հաղթանակի օրը արքայադուստր Մարգարեթին ու նրա քրոջը` Էլիզաբեթին թույլ են տալիս գիշերը լքել Բուքինհեմյան պալատը: Նրանց ռոմանտիկ արկածներ ու վտանգներ են սպասում: Ջուլիա Ջարոլդի կատակերգության համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 14-ին, սակայն հայ հանդիսատեսը կտեսնի այն գրեթե մեկ ամիս անց: Կինոնկարը հիացական արձագանք չստացավ ոչ հանդիսատեսի, ոչ էլ կինոքննադատների կողմից, որոնք նշում են թեթև շարադրանքն ու ծայրահեղ ռոմանտիկությունը, ինչը հակասում է սրամիտ բրիտանական կոմեդիայի մասին պատկերացումներին: Սակայն «Լոնդոնյան արձակուրդները» ֆիլմը վատ ընտրություն չէ հաճելի և մտորումներով չծանրաբեռնված ժամանակ անցկացնելու համար` ի վերջո կինեմատոգրաֆիկ հունիսը հենց դա է ենթադրում:
«Լրտեսը» (օրիգինալ անվանումը` Spy)
Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թվական
Ռեժիսոր Փոլ Ֆեյգ
Դերերում` Մելիսսա Մաքքարթի, Ջեյսոն Սթեթհեյմ, Ռոուզ Բիրն, Ջուդ Լոու, Միրանդա Հարթ:
Պրեմիերան Երևանում հունիսի 4-ին
«Կիսաշրջազգեստով ոստիկանները» կատակերգության հաջողությունից հետո ռեժիսոր Փոլ Ֆեյգի և կատակերգու դերասանուհի Մելիսսա Մաքքարթիի տանդեմը ձեռնարկեց կոշտ ու շատ ծիծաղելի ևս մեկ կատակերգության նկարահանում ոչ ընտանեկան կինոդիտման համար: Ֆիլմի սյուժեն պարզունակ է. Սյուզան Կուպերն աշխատում է գաղտնի ծառայությունում և երազում է առանձնահատուկ դառնալ, սակայն նրան ոչ մի կերպ դա չի հաջողվում: Սակայն շուտով հայտնվում է ունակություններն ի ցույց դնելու շանսը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է SXSW կինոփառատոնի շրջանակում` արժանանալով կինոքննադատների գովեստներին, որոնք նշում էին, որ Սյուզեն Կուպերի դերը լավագույնն է Մաքքարթիի կարիերայում: Ծիծաղերի, բայց առանց գռեհկության պատմություն պատմելու Ֆեյգի ունակությունը հետաքրքիր դերասանական խաղի (թեկուզ ավանդաբար մռայլ Սթեյթը իր համար անսովոր ամպլուայում) և սրամիտ երկխոսությունների հետ մեկտեղ նպաստում են, որ «Լրտեսը» լավ ընտրություն լինի մեծ խմբով կինո գնալու համար:
«Յուրայի դարաշրջանի աշխարհը» (օրիգինալ անվանումը` Jurassic World)
Ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Քոլին Թրեվորոու
Դերերում` Քրիս Փրեթ, Բրայս Հովարդ, Ջեյք Ջոնսոն
Պրեմիերան Երևանում հունիսի 11-ին
Սթիվեն Սփիլբերգի լեգենդար «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմից 22 տարի անց էկրանին կենդանացած դինոզավրերը վերադառնում են: 2001-ին էկրան բարձրացած «Յուրայի դարաշրջանի այգի-3»-ը վերջինն էր ֆիլմաշարում և բավականին սառը ընդունվեց հանդիսատեսի և կինոքննադատների կողմից: «Յուրայի դարաշրջանի աշխարհն» անցել է «արտադրական դժոխքով»` 10 տարի շարունակ այն մեկ արտադրության է դրվել, մեկ փակվել է: Եվ եթե չլիներ Սփիլբերգի ձգտումը վերադարձնել կինոդիտողին հրաշալիքների աշխարհ, կինոնկարն այդպես էլ կմնար ստուդիայի պահարանում: 150-միլիոնանոց բլոկբաստերի գործողությունը տեղի է ունենում «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմի իրադարձություններից 22 տարի անց: Նուբլար կղզում գործում է Ջոն Հեմմոնդի մտահղացած այգին, սակայն հաճախորդների թիվը նվազում է, և այգու սեփականատեր ընկերությունը որոշում է նոր ատրակցիոն բացել` այցելուներին գրավելու համար: Ստեղծվում է դինոզավրի նոր տեսակ` Ինդոմինուս-Ռեքս:
«Փախուստի դիմած սիրունիկները» (օրիգինալ անվանումը` Hot Pursuit)
Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Էնն Ֆլեթչեր
Դերերում` Ռիզ Ուիզերսփուն, Սոֆիա Վերգարա, Մեթյու Դել Նեգրո
Պրեմիերան Երևանում հունիսի 11-ին
Եվս մեկ կրիմինալ կատակերգություն` այս անգամ ոստիկանության սպայի և կալանավոր կնոջ մասին, որոնք ճակատագրի բերումով հայտնվում են փախուստի մեջ Տեխասում: Օսկարակիր Ռիզ Ուիզերսփունը վերադարձել է իր սկզբնական ամպլուային` գերազանց կատարելով «գորշ մկնիկի» և համատեղության կարգով ոստիկանության աշխատակցի դերը, որին վիճակված է դժվարին ու կուրյոզներով լի ճանապարհ անցնել գեղեցկուհի Դանիելլա Ռիվայի ուղեկցությամբ: Սակայն Ուիզերսփունի լավ դերակատարումից բացի քննադատները ոչ մի նշանակալի բան չգտան ֆիլմում` նրանք նշում են կերպարների «կոպտությունը», ավելորդ գռեհկությունը ընտանեկան կինոդիտման համար նախատեսված ֆիլմում և պարզունակ հումորը: Կինոհանդիսատեսն էլ կարծես համամիտ է` արդեն 24 օր է ֆիլմը ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ այս ընթացքում հավաքել է ընդամենը 33 մլն դոլար` շատ վատ ցուցանիշ այս ժանրի ֆիլմի համար:
«Երրորդն ավելորդ է» (օրիգինալ անվանումը` Ted 2)
Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ.
Ռեժիսոր` Սեթ ՄաքՖարլեյն
Դերերում` Մարկ Ուոլբերգ, Սեթ ՄաքՖարլեյն, Ամանդա Սայֆրեդ, Լիամ Նիսոն
Պրեմիերան Երևանում հունիսի 25-ին
Շատերն են հիշում 2012 թվականի կինոկատակերգությունը Թեդ անունով խաղալիք արջուկի և նրա լավագույն ընկեր Ջոնի մասին: Օրիգինալ ժապավենի հեղինակ Սեթ ՄաքՖարլեյնը, որը նաև «Գրիֆինները» հայտնի մուլտսերիալի հեղինակն է, ոգևորված լինելով ֆիլմի հաջողությամբ, համոզեց ստուդիային սիկվել նկարահանել: Դատելով նյութերից ու քննադատների հայտարարություններից, նոր կինոնկարում ամեն ինչ իր տեղում է` ավելին, սիկվելում ռեժիսորին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե Ջոյի անձնական կյանքի վրա, ինչպես առաջին ֆիլմում էր, այլ` խոսող արջուկի խնդիրների: Ինչպես նախկինում, ընկերները միշտ միասին են և անկախ ամեն ինչից պատրաստ են հակազդել չար բախտին: Ուղղակի պետք է հիշել, որ թեև ֆիլմը խաղալիքի մասին է, այն ամենևին էլ նախատեսված չէ երեխաների հետ դիտելու համար: