19 նոյեմբերի 2015 - 16:13 AMT
ՀՈԴՎԱԾ
«Քաղցած խաղեր». Սիրային եռանկյունու ստանդարտ ֆինալը
Լոուրենսի ֆիլմերի հիմնական թերությունը` «անհամաչափությունը», այստեղ հասցվել է գագաթնակետին
Երևանի կինոթատրոններում նոյեմբերի 19-ին մեկնարկում է ամերիկուհի գրող Սյուզեն Քոլինզի պատումի էկրանավորման եզրափակիչ մասը: «Ճայ-Ծաղրասարյակը», ամենևին ոչ հանուն հանդիսատեսի, այլ մեծ շահույթ ստանալու ակնկալիքով, որոշվեց կիսել 2 մասի: Հաշվի առնելով վեպի առանձնահատկությունը, անցյալ տարի էկրաններ բարձրացած ` «Քաղցած խաղեր. Ճայ-Ծաղրասարյակը. Մաս 1» երկար վերնագրով առաջին մասը, անհամ էր ու ձանձրալի: Գրքի «ամենայուղալի» մասը պրոդյուսերները պահել էին եզրափակիչ մասի համար` սակայն Քիթնիս Էվերդինի ղեկավարությամբ ազատ մարդկանց և աշխարհի հզորների ճակատամարտն ավելի շուտ գործողության ու դրամայի անկապ հավաքածու է հիշեցնում, քան ամբողջական ֆիլմ:

PanARMENIAN.Net-ը տպավորություններն է ներկայացնում «Քաղցած խաղեր. Ճայ-Ծաղրասարյակը. Մաս 2» ֆիլմից:

Քիթնիս Էվերդինն ու Փիթ Մելլարքը փորձում են հաղթել բռնատիրական Կապիտոլիումի և պատերազմից բզկտված Պանեմի շրջանների միջև քաղաքացիական պատերազմում: Թե ովքեր են Քիթնիսն ու Մելլարքը և ինչ է Կապիտոլիումն ու Պանեմը, հիանալի հայտնի է վիպաշարի և ֆիլմաշարի երկրպագուներին: Ամբողջ ֆիլմի սինոփսիսը կարելի է այսպես նկարագրել. Հետապոկալիպտիկ Հյուսիսային Ամերիկայում (Պանեմ) իշխանավորները (Կապիտոլիում) պարբերաբար մահացու մրցաշարեր են կազմակերպում հալածված և աղքատ շրջանների երիտասարդների խմբերի միջև, որոնք կոչվում են «Քաղցած խաղեր»: Խաղերի ամենահաջողակ մասնակիցներից Քիթնիս Էվերդինը (Ջենիֆեր Լոուրենս) և նրա համախոհները 3 սերիա շարունակ ոչ միայն սպանում են և մեռնում հանդիսատեսի աչքի առաջ, այլ նաև աստիճանաբար մոտեցնում են Կապիտոլիումի ազատագրումն ու երկրի հալածված և քաղցած բնակիչների ազատագրումը բռնատիրությունից և դաժանություններից:

Ֆիլմաշարի վերջին 3 մասերի ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը նույնիսկ չի փորձում ինչ-որ թարմություն հաղորդել պատմության եզրափակիչ մասի ուռճացված տևողությանը: Ինչպես լավ արհեստավոր և միջակ վիզիոներ, Լոուրենսը ուշադրությունը սևեռում է մի քանի գեղեցիկ էքշն տեսարանների վրա` մնացածը վստահելով օգնականներին: Անզեն աչքով երևում է, որ նա չի ցանկացել վիզուալիզացիայի ենթարկել Սյուզեն Քոլինզի «հանճարեղ» դրամատուրգիական լուծումները` հերոսների անվերջանալի երկխոսությունները, տառապանքները նրան չեն հետաքրքրում, իսկ ռեժիսորի ոգին ու հեղինակային հայացքը հանկարծ արթնանում են միայն Կապիտոլիումի զորքերի հերթական գրոհի կամ ստորգետնյա մուտանտների հարձակման ժամանակ:

Ջանալով արդարացնել հոնորարը` հեղինակը չգիտի, թե երբ է պետք վերջակետ դնել այս երկար պատմության մեջ: Ինչպես «Մատանիների տիրակալի» վերջին մասի դեպքում էր, կինոնկարն անընդհատ մոտենում է ավարտին, բայց ոչ մի կերպ չի կարողանում վերջանալ` ֆինալը հաջորդում է ֆինալին, և հերթական տեսարանից հետո, երբ արդեն թվում է, թե ժամանակն է, որ արդեն տիտրերը գրվեն, ռեժիսորը մի նոր, անիմաստ տեսարան է պատկերում: Շարադրանքի պատառոտվածությունը, զրկված մասերի օրգանական կապից, արդեն դարձել է Լոուրենսի ստեղծագործական այցեքարտը: Վերջին «Քաղցած խաղերում» Լոուրենսի ֆիլմերի հիմնական թերությունը` «անհամաչափությունը», հասնում է գագաթնակետին` երբեմն բարդ է հիշել, թե ինչ իրադարձություն էր նախորդում այս կամ այն տեսարանին:

Լավ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը նյութ չունի խաղալու, ինչպես նաև մյուս, ոչ պակաս հայտնի հոլիվուդյան դերասանները, որ մասնակցում են ֆիլմին: Միայն ավարտին մոտ Ջենիֆերը մի անհավանական խաղ է ցուցադրում միայն հայացքի միջոցով, կարծես հիշեցնելով, որ ինքն ավելիին է արժանի, քան մասնակցությունը հերթական «փոփքորնային» ֆիլմին: «Մթնշաղանման» երիտասարդական ֆիլմը լարված քաղաքական թրիլերի վերածելու հեղինակների փորձերը վերջում ավելի են աղճատում ներքին տրամաբանությունը, որտեղ նույնիսկ լավագույն դերասանները չեն կարող առանցք հանդիսանալ, որը թույլ կտար խուսափել ամբողջ կառույցի փլուզումից:

Ընդհանուր առմամբ ֆիլմաշարի մոլեռանդ երկրպագուները գոհ կմնան: «Երիտասարդական լսարանին» ուղղված պահանջարկը կարծես մարում է, ինչպես ժամանակին Հոլիվուդը հրաժարվեց «երիտասարդական վամպիրական սագաներ» «թխելուց»: «Քաղցած խաղերի» ավարտն առաջին ազդանշանն է «Դիվերգենտների» և «Լաբիրինթոսում վազողների համար», որ եզրափակվելու ժամանակն է:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net